Կարող ես չսպասել ԱՊՊԱ աշխատակցին, բայց ստանալ փոխհատուցում (տեսանյութ)
«ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելիս ուշադիր եղեք, թե ինչ փաստաթուղթ է ձեզ տրամադրվում. 32 նիշից բաղկացած ծածկագիր կա՞, թե ոչ, և արդյոք առկա՞ է գործակալի անուն-ազգանունն ու ստորագրությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի Իրավաբանական ծառայության բաժնի պետ Սամվել Աղախանյանը։ Նա նաև պնդել է, թե ապահովագրող ընկերությունները երբեք չեն ուշանում, ժամանում են առավելագույնը 35 րոպեի ընթացքում։ Եթե որևէ վթարի դեպքում, այնուամենայնիվ, ուշացում լինի, քաղաքացին կարող է չսպասել ԱՊՊԱ աշխատակցին, պարզապես արձանագրի վթարի դեպքը տեսանկարահանող սարքով՝ հետագայում փոխհատուցում ստանալու նպատակով։ Իսկ նույն բյուրոյի Կարգավորման և զարգացման բաժնի պետ Գևորգ Ղուկասյանը նշել է, որ շարունակում է գործել «բոնուս-մալուս» համակարգը, և բոլոր կարգապահ վարորդները ստանում են բոնուսներ, եթե ԱՊՊԱ պատմությունը «մաքուր» է։ Պարոն Ղուկասյանի խոսքով՝ երկրում 4 տարի գործող ԱՊՊԱ համակարգը տարեցտարի դրական փոփոխություններ է կրում, և հնարավոր է՝ շուտով դրանց ավելանա ևս մեկը՝ Գրին քարտի համակարգը։ Այն ևս առավելություններ ունի վարորդի համար։ Քանի որ տարեվերջ է, և շուտով սկսվելու է ապահովագրման գործընթացը, մասնագետները խորհուրդ են տալիս բոլոր տաքսու վարորդներին մեքենայի ապահովագրումը սկսել մի քանի օր շուտ, չթողնել վերջին օրվան։ Դիտարկմանը, թե մի քանի տարի է, ինչ տաքսիստների մեքենաներն ընկերությունները հրաժարվում են ապահովագրել, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի Իրավաբանական ծառայության բաժնի պետն արձագանքում է այսպես. «Իրավունք չունեն չապահովագրելու։ Եթե նման դեպք լինի, տաքսու վարորդները թող դիմեն մեզ, և մենք կկարգավորենք այդ խնդիրը»։