Համացանցն ամուսիններին հեռացնում է ընտանիքից. հոգեբան (տեսանյութ)
Ամուսնալուծությունների թիվն աճել է, քանի որ երիտասարդներն ավելի համարձակ են դարձել։ Այս եզրահանգման է եկել հոգեբան Խաչիկ Գասպարյանը՝ աշխատելով բազմաթիվ ընտանիքների հետ. «Այսօր եթե դժգոհ են՝ ընդվզում են, հանուն երեխայի, հանուն հասարակական կարծիքի նրանք չեն մնում ամուսնացած»։ Պաշտոնական տվյալներով, եթե 1990 թվականին 1000 ամուսնությանը բաժին էր ընկնում 154 ամուսնալուծություն, ապա 2014 թվականին այդ թիվը հասել է 258-ի։ Իրավաբան Մարինե Ֆարմանյանի կարծիքով՝ վիճակագրական տվյալներով ավելացել են ամուսնալուծությունների թիվը, քանի որ ավելացել է նաեւ քաղաքացիական կացության գրանցման մարմնում իրենց ամուսնությունը գրանցողների թիվը. «Վիճակագրական տվյալներով որ համեմատենք, ապա կտեսնենք, որ ամուսնալուծությունների գրանցման թիվն է շատացել: Նախկինում էլ են եղել շատ, բայց, քանի որ պետական գրանցման ենթակա չեն եղել, չի երևացել: Ամուսնալուծությունների պատճառը այսօր Հայաստանում հիմնականում ընտանիքների սոցիալական վիճակն է։ Մյուս հաճախ հանդիպող պատճառը ամուսնու դավաճանությունն է։ «Համացանցի ծանոթությունները հանգեցրել են այնպիսի վիճակի, որ ամուսինները կտրվում են և հոգեպես, և ֆիզիկապես իրենց ընտանիքներից»,- ասում է իրավաբանը։ Այս դեպքում հոգեբանը խորհուրդ է տալիս ընտանիքից «հեռացած» ամուսնուն վերադարձնելու համար կանանց լինել ավելի խելացի. «Այնպես պետք է անեն, որ իրենց ամուսինը ցանկանա վերադառնալ տուն, ապրել այնտեղ, պետք է խոհեմ լինեն, այլ ոչ թե միայն մեղադրեն ու վիրավորեն ամուսնուն»։ Ամուսնալուծության պատճառ հաճախ դառնում են հարս-սկեսուր հարաբերությունները, ասում է հոգեբանը։ Հիմնական պատճառը տարիքային տարբերությունն է. «Մեզ մոտ հիմնականում սկեսուրները չեն աշխատում, այլ զբաղմունքներ չունեն եւ կռիվները ընտանիքներում անխուսափելի են»։ Հոգեբանը խորհուրդ է տալիս երիտասարդ զույգերին հնարավորության դեպքում ապրել առանձին։