«Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված կարդաց իր տեքստը» (տեսանյութ)
Եթե ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իմանար, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ չէր ունենա, իր տեքստն այլ կերպ կկառուցեր` կարծում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Բայց պարզապես գրել էր՝ ստիպված կարդաց»: Ըստ Գալուստ Սահակյանի` հանրահավաքի առանցքում միայն ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանն էին. «Մյուս քաղաքական ուժերը արդեն խմբակների որակավորում ունեին, քանի որ ոչ ընտրազանգված ունեն, պարզապես ասում են` իշխանափոխություն»: Նրա համոզմամբ` այն հզորությունները, որոնց տիրապետում է ոչ իշխանական եռյակը, եւ այն քաղաքական պրոցեսները, որոնք կատարվում են ՀՀ-ում, հակակշռում են միմյանց. «Այլ բան է, որ իշխանական մոլուցքով տարված ընդդիմությունը խնդիր է առաջացնում իշխանափոխության, այլ բան է, թե ինչքանով է դա հասկանում կամ գնահատում ժողովուրդը»: Իսկ ժողովուրդը, ԱԺ նախագահի կարծիքով, եռյակի ներկայացրած 12 պահանջից մեկ կետ անգամ չի կարող մտաբերել. «Եթե ես շատ չհասկացա ամեն ինչից, ժողովուրդն ավելի քիչ հասկացավ, թե տրամաբանորեն` ինչի մասին է խոսքը»: Ընդհանուր առմամբ` պարոն Սահակյանը տպավորված չէր հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից: Ըստ նրա` այն բազմամարդ չէր եւ ընդամենը կուսակցական, այլ ոչ թե համաժողովրդական շարժում էր, որին իշխանությունները որեւէ կերպ չեն խոչընդոտել. «Շատ դեմոկրատական է, որ արդեն իշխանությունները չեն ճնշում, այլ ընդդիմությունն է ճնշում: Նույնիսկ մի քիչ հեգնանքով եմ ասում»: