«Իրանց սիրած ջհանդամի ծոցը կուղարկենք» (տեսանյութ)
«Երբ ամբողջ Հայաստանը արթնացավ, Սերժիկը փախչելու է»,- այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ, Ժառանգություն եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների համատեղ հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ «Իրանց սիրած ջհանդամի ծոցը ուղարկենք, միասին դեպի հաղթանակ»,- նշեց նա։ Պարոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանին դիմելով՝ նշեց. «Սերժ Սարգսյան դու եկել ես իշխանության, կեղծելով ընտրությունները, մարտի 1-ի արյան վրայով»։ Պարոն Զուրաբյանի խոսքերով՝ մարդկանց մեծ հոսքը պայմանավորված է նրանով, որ մարդիկ դեմ են երկրի ներքին վիճակին, մարդասպան Լիսկային մարզպետ նշանակելուն եւ Սաշիկների անհագուրդ 50 տոկոսների։ Նա նշեց, որ եկել է ժամանակը, որ իշխանությունը հանձնեն օրինական տիրոջը՝ ժողովրդին։ «Այս իշխանության գնացքը վաղուց է գնացել»,- այսօր եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Նա ինչպես միշտ հավաքվածներին շնորհակալություն հայտնեց իշխանությունից չվախենալու եւ հանրահավաքին մասնակցելու համար. «Իշխանությունները ստիպված մարտի են հանել իրենց «արսենալը» եւ սեփական լրատվամիջոցների շնորհիվ ուզում է ապացուցել ձեզ, թե եռյակը հուսախաբ է անելու։ Չկա այդպիսի բան, մենք արժանապատվություն ունենք եւ հուսախաբ չենք անի»։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյան իր ելույթում նշեց, որ եռյակը եկել է ճշտելու ամբողջական իշխանափոխության քարտեզը. «Տարբեր քաղաքական կենսագրություն ունեցող կուսակցությունները պետք է միանային ամբողջական իշխանափոխության համար»։ Իսկ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը նա համեմատեց դավաճան կնոջ հետ. «Պատահական չի, որ մեր իշխանությունները սիրո երդում են տալիս մեկ արեւելքին, մեկ էլ Ռուսաստանին։ Իսկ անհավատարիմ կինը պետք է մնա փողոցում։ Հենց այդպես էլ պետք լինի իշխանության հետ»։ Ռուբիկ Հակոբյանը վերջում հավելեց, որ եթե իշխանափոխություն չլինի, իրենք են մեղավոր։