ԲՀԿ-ն մի քանի իշխանափոխություն գիտի (տեսանյութ)
Ընդդիմադիր եռյակի երեք լիդերները հանրահավաքի օրերին կլինեն հարթակում։ «Սա տակտիկական հարց է, մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել՝ որ պահին են միանալու լիդերները»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։ Ըստ Ստեփան Մարգարյանի, հոկտեմբերի 10-ին տեղի ունենալիք հանրահավաքը բացառված չէ, որ հանրահավաքների շարունակություն ունենա։ Եռյակը քննարկում է նաեւ այն հարցը, թե ինչպես է վարվելու հանրահավաքի մասնակիցների հետ հոկտեմբերի 10-ին, ուղարկելու է տու՞ն, թե պահելու է հրապարակում։ Հանրահավաքն իրականացնելու մեխանիզմների մանրամասների մասին եռյակը կհայտարարի վերջին պահին՝ մարտավարական հարց է։ Իշխանափոխության մասին էլ խոսք եղավ։ ԲՀԿ-ն մի քանի իշխանափոխություն գիտի. «Իշխանափոխություն է այն, որ մենք դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, որը թույլ չի տալիս վերարտադրվել իշխանությանը»։ ԲՀԿ-ն ասում է՝ եթե այս իշխանություններին եւ Սերժ Սարգսյանին ոչինչ էլ չպատահի, նրանք հեռացող են։ Հարցն այն է, թե ինչպես՝ հերթակա՞ն, թե արտահերթ ընտրություններով։ Դա կախված է նրանից, թե եռյակին ինչ կառաջարկեն իշխանությունները հոկտեմբերի 10-ին. «Եթե նրանք կասեն ձեւ՝ ինչ են անելու, ինչ են պատկերացնելու մեզ, դա որոշակի քննարկման խնդիր կառաջացնի, եթե չէ, ընթացքում կառաջանան ավելի ռադիկալ պահանջներ, այսինքն, իշխանափոխությունը արտահերթ, թե հերթական՝ անպայման լինելու է»։ Պարոն Մարգարյանը խելագարության կանխավարկածի ոլորտից է համարում հարցը, թե ինչպես է վարվելու եռյակը, եթե իշխանությունները կրակեն ժողովրդի վրա այնպես, ինչպես կրակեցին մարտի 1-ին. «Գրեթե բոլոր սցենարների համար մենք պատրաստում ենք ամեն ինչ, մեր պահվածքը»։