Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զգուշացեք, ԱԺ բակում կատաղած ծառայողներ են» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hakaharvac_1

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել սեպտեմբերի 9-ին խորհրդարանի դարպասների մոտ «Ա1+»-ի լրագրողի հանդեպ բռնություն կիրառած Ազգային Ժողովի անվտանգության ծառայության պետի դեմ։ «Նրանք պնդում են, որ քանի որ մեկ հարված է հասցրել, մեկ հարված հասցնելը հանցանք չէ»,- մեկնաբանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Ըստ Դանիել Իոաննիսյանի, Հատուկ քննչական ծառայությունը մեր քաղաքացիներին փաստորեն հասկացրել է, որ կարող են մեկ հարվածով բռնություններ կիրառել ցանկացածի հանդեպ, ով իրենց դուրը չի գալիս. «Եթե ես գնամ, չգիտեմ, Հատուկ Քննչական ծառայության պետին մի հարված հասցնեմ, մի ապտակ տամ, ինձ դրա համար որեւիցե պատասխանատվության չպետք է ենթարկել»։ Քննիչները քրեական գործ հարուցելը մերժել են հենց Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հայցի հիման վրա, պատճառաբանել են նաեւ, որ լրագրող Մարինե Խաչատրյանը գույքային վնաս չի կրել, բացի դրանից՝ լրագրողի վկայական ցույց չի տվել. «Այսինքն, լրագրողին չի կարելի հարվածել, բայց եթե լրագրողի բաջը չկա, կարելի ա հարվածել»։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հ/կ-ի ղեկավար Աշոտ Մելիքյանը ՀՔԾ-ի այդ որոշումը որակել է ցինիկ։ Նրա համար այսպիսի ձեռագիրը խորթ չէ մեր քննչական մարմիններին, նրանք սովորաբար որեւէ հանցակազմ չեն գտնում լրագրողների հանդեպ բռնությունների մեջ. «Արդեն ժամանակն է, որ քաղաքական ղեկավարությունը երկրի ուշադրություն դարձնի այդ փաստերի վրա»։ Պարոն Մելիքյանը խիստ անհրաժեշտ է համարում ՀՔԾ-ի հիշյալ որոշման բողոքարկումը՝ եթե դատախազությունը կրկին քայլեր չձեռնարկի տեղի ունեցածի վերաբերյալ, պետք է դիմել դատարան. «Պետք է փորձել բոլոր օրինական ճանապարհները, երեք ատյանները պետք է անցնել, եւ եթե մենք արդարության չհասնենք, ապա գործը պետք է տանել եվրոպական դատարան»։   «Ա1+» հեռուստաընկերությունն արդեն մտադիր է բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը։ Տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն այլ բան չէր էլ սպասում նրանից. «Միակ բանը, որ կարող է հանդիսանալ որպես իրավական լուծման ձեւ՝ պետք է մի որոշում կայացվեր, որ ԱԺ դարպասի վրա կպցնեին, որ զգուշացեք, ներսում, բակում կատաղած ծառայողներ են աշխատում»։ Ըստ պարոն Մովսեսյանի, Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետի արարքը խուլիգանություն էր, նա խոչընդոտել է պրոֆեսիոնալ աշխատանքը, դրա համար սովորաբար դատում են մարդուն. «Մենք կաշխատենք ստիպել նույն քննչական մարմիններին պատասխանատվության կանչել էդ մարդկանց, որ մյուս անգամ հավաքած պահեն իրենց»։