Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները նման են Անաստաս Միկոյանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
boris

Անդամակցել Եվրասիական տնտեսական, թե՞ Եվրոպական միությանը։ Հասարակության կարծիքը հաշվի առնելու համար Հայաստանում պետք է անցկացնել հանրաքվե՝ համոզված է «Եվրոպական ընտրություն» ՀԿ անդամ Վահրամ Մարտիրոսյանը։ «Հանրաքվեն հանրային պատասխանատվության մեխանիզմ է, որովհետեւ Հայաստանում տաքսու վարորդները, դասախոսները, ուսուցիչները, բոլորը դժգոհ են իշխանություններից, բոլորը դժգոհ են մի անձից, բայց համարում են, որ դա առանց իրենց պետք է կատարվի։ Հայաստանի տնտեսական վիճակը անկայուն է, մեկ մարդ է մեղավոր։ Մարզպետ նշանակվեց մի մարդ, որի հանցագործությունների վերաբերյալ բազմիցս խոսվեց, եւ ոչ- ոք չհերքեց, դա մարտահրավեր էր հասարակությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։ Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ մենք երեք տարի ու կես կարող ենք բանակցել մի ուղղությամբ գնալու համար, իսկ հետո մի մատի շարժումով մեզ կանչում են, եւ ստիպված ստորագրում ենք մեկ ուրիշ փաստաթուղթ։ «Իշխանությունները, ստացվում է, Հայաստանը ներկայացրեցին որպես փալաս, որը մեկ գիշերվա մեջ փոխում է 3 տարվա որոշումը։ Քաղաքական ուժերի համար, եթե թանկ է Հայաստանի պատիվը, թող իրենք միանան մեր նախաձեռնությանը, եւ անցկացնենք հանրաքվե», - նշեց պարոն Մարտիրոսյանը։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ, «Եվրոպական ընտրություն» ՀԿ անդամ Բորիս Նավասարդյանն էլ հիշեցնում է, որ Եվրասիական միությունը որպես այդպիսին չի կայանում, եւ ժամկետները նույնպես իրատեսական չեն։ Նա Հայաստանի իշխանություններին նմանեցնում է Անաստաս Միկոյանի հետ՝ հիշելով հայտնի անեկդոտը, երբ նա քայլում էր անձրեւի կաթիլների տակ եւ չէր թրջվում։ «Մենք այլեւս չենք կարող ներգործել որոշումների վրա, քանի որ Հայաստանն արդեն «այո» է ասել ԵՏՄ անդամակցությանը: Եթե հոկտեմբերի 10-ին «այո» ասեն նաեւ ԵՏՄ մյուս 3 անդամները՝ ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսն, ամեն բան դրանով էլ կավարտվի՝ չնայած, որ ոչինչ անդառնալի չէ»,- հույս հայտնեց պարոն Նավասարդյանը։