«Բոլորիս մանդատի գույնը նույնն է, տիկին Կարապետյան». վիճաբանություն ԼՂ հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ)
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկը՝ ընդունել ԱԺ որոշում ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ որոշում կայացրեց՝ անդամակցել ՄՄ-ին, եւ դա մեզ համար անակնկալ էր, քանի որ այդ ընթացքում բանակցություններ էին ընթանում անդամակցելու ԵՄ-ին. «ՄՄ անդամակցության պայմանագիրը հրապարակվեց, որտեղ նշված դրույթները վկայում են, որ մաքսակետ է տեղադրվելու ՀՀ ու ԼՂՀ միջեւ, թեեւ մենք մեկ տնտեսական տարածք ու ժողովուրդ ենք, մեր անձնագրերը մեկն են: Դե ֆակտո ունենք երկու պետություն, սակայն դե յուրե մեկն է ճանաչված: Այս առումով մենք խնդիր ունենք ճանաչելու ԼՂՀ անկախությունը: Այսօր դրա պատեհ պահն է ու այսօրվա սպառնալիքների ներքո ստորագրվում են փաստաթղթեր, որոնք կվտանգեն երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ տիկին Փոստանջյանի ներկայացրած առաջարկի կետերից շատերի հետ համաձայն է. «Սակայն ինչո՞ւ ԱԺ որոշում, այլ ոչ թե օրենք: Որոշումն ի՞նչ է մեզ տալիս»: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ ասելով. «Քանի որ, գիտեք, ինչպիսի մերժումների է արժանացել մեր բոլոր առաջարկությունները ԱԺ մեծամասնության կողմից, իսկ հոկտեմբերի տասը մոտենում է, երբ կորոշվի՝ անդամակցում ենք ՄՄ-ին, թե ոչ: Եթե ցանկություն չկա օրենքով ամրագրել մեր առաջարկությունները, գոնե քաղաքական մարմինը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը: Եվ որպեսզի ճկուն լինենք, ներկայացրել եմ ընդամենը ԱԺ որոշում»: ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը մի քանի հարց ուներ: Նա հիշեցրեց, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ արդեն կա սահմանակետ. «Բացի այդ, նշված է, որ առանց ԼՂՀ-ի ՀՀ-ն որեւէ միջազգային կառույցի չի կարող անդամակցել: Այդ դեպքում, երբ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր էինք կնքում, ինչո՞ւ նույն հարցերն այդ ժամանակ չէին բարձրաձայնվում: Նշված է նաեւ, որ որեւէ երկիր կամ միջազգային կառույց չի կարող զորքեր տեղակայել ԼՂՀ սահմաններում: Իսկ եթե միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդիր առաջանա՞»: Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց՝ ԵՏՄ հիմնադիր անդամներից մեկը՝ ՌԴ-ն, այսօր լուրջ պատժամիջոցների տակ է. «Մենք էլ ենք մտնելու այդ հսկայական բեռի տակ ու ոչ միայն մեր տնտեսությանն է հսկայական վնաս հասցնելու, այլեւ՝ Արցախին: ԼՂՀ-ից ապրանքները այլեւս այլ կերպ են արտահանվելու: Այս իրավասությունները մենք զիջում ենք ԵՏՄ-ին, ու դա չի բխելու հայ ժողովրդի շահերից: Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ապա ԼՂՀ-ն վաղուց բանակցային կողմ չէ, եւ մադրիդյան սկզբունքները ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը ի վնաս հայ ժողովրդի գործեց»: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ մեր քաղաքական օրակարգում չկա այս հարցը, ու կարծում է, որ սա պատրանքային պայքար է խնդիրների դեմ: Իսկ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Համլետ Հարությունյանի համոզմամբ՝ Զարուհի Փոստանջյանի առաջարկությունը վերջնագրի նման էր. նա հայտարարեց, որ նման առաջարկներ անելիս նախ եւ առաջ պետք է հաշվի նստել միջազգային հանրության կարծիքի հետ: Այս եւ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցադրումները խիստ վրդովեցրին Ալեքսանդր Արզումանյանին: Նա հայտարարեց, որ պետք չէ գալ այստեղ ու դասեր տալ. «Բոլորիս մանդատի գույնը նույնն է, տիկին Կարապետյան, երբ ես զբաղվում էի արտաքին հարաբերություններով, դուք դեռ դպրոցում էիք սովորում: Պարոն Հարությունյան, դուք, լինելով արցախյան պատերազմի մասնակից, արցախցի, չպետք է այդպես խոսեիք. ինչ է՝ մոռացե՞լ եք այդ ամբողջ պայքարն ու հիմա ուզում եք նորից ռուսական լծի տա՞կ մտնել»: Նրա այս խոսքերը վիճաբանության տեղիք տվեցին հանձնաժողովի ՀՀԿ պատգամավորների միջեւ: Պարոն Արզումանյանը նաեւ հիշեցրեց, որ ինքը նախորդ անգամ, երբ տիկին Փոստանջյանը նմանատիպ առաջարկ արեց, միակ դեմ քվեարկողն էր, այսօր կողմ է լինելու: Իսկ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունեց Զարուհի Փոստանջյանի առաջարկը, սակայն ասաց, որ ձեռնպահ է քվեարկելու: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը: