Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնական ուղևորություն՝ Երևանից Գյումրի

Հասարակություն
0af8cbb4a13b6f593bc157d47e1eb53c

Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված՝ «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կազմակերպում են Հայաստանի երկաթուղու թանգարանի այցելություն և ուղևորություն Երևանից Գյումրի: Եվրոպական ժառանգության օրերը կանցնեն սեպտեմբերի 27 – 28-ին: Միջոցառումների շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարության կողմից ձևավորված խումբը շաբաթ օրը կծանոթանա Երկաթուղու թանգարանի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Հայաստանի երկաթուղու զարգացման ամբողջ ճանապարհը՝ սկսած 1895 թվականի հուլիսի 5-ից, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Ղարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանագիրը: Թանգարանում ներկայացված են Հայաստանի երկաթուղու կառուցման, զարգացման և գործունեության մասին պատմող փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, երկաթուղային տեխնիկայի օրինակներ, պատմական գնացքների մակետներ մասնավորապես «Վարդան Զորավար» զրահագնացքը: Մասնակիցները կծանոթանան նաև «Երևան» երկաթուղային կայարանում գործող ցուցահանդեսին, որը նվիրված է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու (ԲԱՄ) 40-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված է հայ երկաթուղայինների ավանդը ԲԱՄ-ի կառուցման գործում: Իսկ թանգարանի այցելությունից հետո ակցիայի մասնակիցները էլեկտրագնացքով կուղևորվեն Գյումրի: Ուղևորության ժամանակ տուրիստներին կներկայացվի երկաթուղային կայարանների պատմությունը և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության մասին տեսաֆիլմը: Գյումրիում տուրի մասնակիցները կծանոթանան Երկաթուղային տեխնիկայի թանգարանի ցուցահանդեսին, ինչից հետո կվերադառնան Երևան: ՀԿԵ