Սահակաշվիլին Պուտինին արնախում է անվանում
Մեկ օր առաջ Եվրոպական խորհուրդը կրկին չկարողացավ պայմանավորվել ՌԴ-ի նկատմամբ լուրջ, այսինքն` ճյուղային սանկցիաների մասին. այսօր իր Ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նա հիշեցրել է երեկվա կործանված Մալազիական ինքնաթիռի մասին Ուկրաինայի օդային տարածքում ու հավելել, որ ողբերգությունը ամենեւին էլ պատահական չէր, այն վաղուց էր պլանավորված։ «Եվրոպայի աչքի առաջ ռուսական զրահամեքենաները ու հակաօդային պաշտպանության միջոցները անցան անկախ Ուկրաինայի սահմանը, իսկ Եվրոպան նախընտրեց անամոթի նման նայել այլ ուղղությամբ»։ Նա հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ իր բրյուսելյան ֆորումի ելույթի ժամանակ իրեն հակադարձել է Եվրոպական մի խոշոր պետության արտգործնախարար. «Դուք առաջարկում եք մեզ ռմբակոծե՞լ Ռուսաստանը»,- ասել է արտգործնախարարը, ի պատասխան Սահակաշվիլին ասել է. «Ոչ, սպասեք մինչեւ ինքը ձեզ ռմբակոծի». «Իհարկե այդ պահին դահլիճում գտնվողներից շատերն իմ պահվածքը համարեցին ոչ դիվանագիտական։ Եվ ահա, ռուսական հրթիռը, առանց որեւէ կասկածի, հենց ահաբեկիչ Պուտինի հրամանով, իսկապես հարվածեց ինքնաթիռին, որտեղ հարյուրավոր եվրոպացիներ կային»,- գրել է նախկին նախագահը։ «Պուտինը միանգամից շտապեց ամեն ինչում մեղադրել Ուկրաինային, դա ուղղակի ցինիզմ է»,- ասում է նա ու հավելում, որ Պուտինը գիտի ում համար է խոսում։ «Երբ մեզ մոտ Ռուսաստանը պարբերաբար ռմբակոծում էր Գորի քաղաքը, մի հոլանդացի լրագրող մահացավ։ Իր եվրոպացի գործընկերը, դատապարտելով Ռուսաստանին, նաեւ ասաց, որ Վրաստանը նույնպես մեղավոր է լրագրողի մահվան համար, քանի որ իր դիմադրությամբ է հրահրում, որ Ռուսաստանը ռմբակոծի իրեն»,- հիշում է Սահակաշվիլին ու վստահաբար հավելում. «Իհարկե այս ամենի մեղավորը այսօր նստած է Կրեմլում, բայց, իհարկե, առանց Բեռլինի, Բրյուսելի, Հռոմի եւ այլ քաղաքների օգնության, դժվար թե այդ կրեմլյան արնախումը համարձակվեր դուրս գալ ամենօրյա արյունոտ որսի»։