Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թյուր կարծիք է, թե մեր երիտասարդությունը պատրաստ չէ ծառայել. գեներալ-մայոր (տեսանյութ)

Քաղաքականություն
banak

Արդեն 20 տարի է, ինչ Մոսկվայում կնքվել է զինադադարի պայմանագիր հակամարտող կողմերի միջև՝ Հայաստան, Ադրբեջան և Արցախ։ Սակայն պայմանագրի ուժը զգացել են միայն մայրաքաղաքներում, իսկ սահմանը շարունակում է անհանգիստ մնալ։ Միևնույն է, անընդհատ հակառակորդի նշանառության տակ գտնվելը չի վախեցնում 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին. «Հայաստանի զինված ուժերը պատրաստ է դիմագրավել հակառակորդի ցանկացած ոտնձգության դեպի հայկական սահման, մեր բանակի մարտունակությունը տարածաշրջանում չի զիջում որևէ մի պետության զինված ուժերին։ Թյուր կարծիք է, թե մեր երիտասարդությունը պատրաստ չէ բանակում ծառայելու, քանի որ ես կարող եմ 1000-ավոր օրինակներ բերել, որ մեր զինվորները թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես պատրաստ են եղել դիմագրավել դժվարություններին և այսօր էլ դիմագրավում են»։ «Յուրաքանչյուր հասարակության մեջ և ցանկացած բանակում կա որոշակի մակարդակ, որին ձգտում ես և որը փաստացի առկա է։ Մենք ունենք բավական լուրջ մակարդակ, մենք գրեթե չունենք սպաներ, որոնք չունեն զինվորական կրթություն, իսկ զինվորական կրթություն ունեցողներն էլ բավականին բանիմաց սպաներ են, այսինք՝ տեսական և գործնական գիտելիքների վրա կարող ենք հույս դնել ամբողջովին»,- շարունակեց գեներալ-մայոր Մաթևոսյանը։ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը չխուսափեց և պատասխանեց նաև բանակի ներքին խնդիրների վերաբերյալ մեր հարցերին և ընդգծեց, որ թեև որոշ խնդիրներ կան, սակայն այդ ամենը չի ազդում հայոց բանակի մարտունակության վրա. «Մենք պետք է հասկանանք և գիտակցենք մեկ բան, որ մեր մոտ բանակի պատկերացումը կայացած է խորհրդային կամ Եվրոպական այլ բանակների պատկերացումներով, բայց մենք շատերս մոռանում ենք՝ մեր բանակն ընդամենը 22 տարեկան է, իսկ 22 տարեկանը մի պատանի հասակ է և այն մակարդակը, որ մենք հասել ենք 22 տարվա ընթացքում, ի զորու չեն շատ պետություններ»։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում դիպուկահարների կողմից զոհված զինծառայողներին, գեներալ–մայոր Մաթևոսյանը ցավով խոստովանում է, որ ոչ մի պետություն, որ ունի մեր աշխարհաքաղաքական խնդիրները, անամպ երկինք չի ունեցել. «Մենք պետք է տեսնենք կյանքի ոչ միայն վարդագույն կողմը, այլև սև ու սպիտակ և այդ սև ու սպիտակը շատ անգամ դաժան է, իսկ դա կյանքի օրենք է, եթե ուզում ես ունենալ քո սահմանը, քո տարածքը, ազգը, անկախությունը, ապա դա արժի կյանք, քրտինք, տանջանք և ամեն ինչ գին ունի»։