Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի դարն ավարտվել է» (տեսանյութ)

Քաղաքականություն
index2

Պատերազմը սկսվում է, երբ վերջանում է քաղաքականությունը. hամոզված է Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը: Ըստ նրա` կարելի է անգամ ուրախանալ այն տխուր հանգամանքից, որ Սերժ Սարգսյանը վերջապես սկսել է մտահոգվել, թե պատերազմի հնարավոր վերսկսմամբ, թե Ադրբեջանին ՌԴ զենքի վաճառքից. «Ցավոք սրտի, մեր ամենավտանգավոր թշնամին մենք ինքներս ենք: Այն, որ մենք թույլ տվեցինք երկրում իշխելու ամենաանպատրաստ, անշնորհք, ապիկար զանգվածին` վաճառականներին»: Սերժ Սարգսյանը Արգենտինայում հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ` նշելով, որ չի բացառվում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը, եւ իրեն մտահոգում է, որ ՌԴ-ն զենք է վաճառում նաեւ Ադրբեջանին: Այս հայտարարություններին զուգահեռ ԼՂՀ Պաշտպանական բանակը վնասազերծել էր Քարվաճառի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Միաժամանակ, այս ընթացքում վերսկսվել էր թշնամու կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծումը: Տիգրան Խզմալյանը մի բնորոշում ունի` քաղաքական շնորհքի բացակայությունն է հանգեցնում պատերազմի: Իսկ Սերժ Սարգսյանի դարը, նրա խոսքերով, ավարտվել է, եւ որքան նա դա շուտ հասկանա, այդքան լավ թե իր, թե մեզ համար. «Նա տապալեց դիվանագիտությունը, քաղաքականությունը եւ բերեց մեր երկիրը պատերազմի եզրին, որովհետեւ խորտակվող ՌԴ-ն այսօր ունի մի միջոց` պահպանելու իր իշխանությունը»: Նախախորհրդարանի անդամը վստահ է` ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հրահրումը ձեռնտու է միայն ՌԴ-ին, քանի որ ձգտում է պահպանել գաղութային կախվածությունը: Իսկ մեր իշխանությունների հայտարարությունները, թե ՄՄ-ին անդամակցումն առաջին հերթին մեր ազգային անվտանգության շահերից է բխում, պարոն Խզմալյանը համարում է անմտություն. «Մաքսային միությունը մեր հիմնական հակառակորդի` Ադրբեջանի զենքի շտեմարանն է»: