«Եվրասիական միության հետ կապված ընթացքը ոչ ներկա ունի, ոչ ապագա» (տեսանյութ)
Մեկ ամիս է՝ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Պորոշենկոն եկավ կիևյան մայդանի ընդվզման արդյունքում՝ իր հետ բերելով բազմաթիվ խնդիրներ եւ դրանցից դուրս գալու խոստումներ։ Նա վստահեցրեց, որ հետ կվերադարձնի Ղրիմն ու խաղաղություն կհաստատի հարավ-արևելյան շրջաններում։ «Այն խնդիրները, որոնք կանգնած են Ուկրաինայի նորընտիր նախագահի առջև, այնքան լուրջ են և բարդ, որ դժվար թե հնարավոր լինի՝ մի ամսվա ընթացքում նա դա կատարի, կամ նույնիսկ դրա մի մասը»,- վստահեցնում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, իսկ քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը հավելում է.«Այս ընթացքում ուկրաինական պետականության կարևոր, առանցքային հենասյուները էապես ամրապնդեցին, ավելի մարտունակ դարձավ կառավարական զինված ուժերը»։ Այսօր արդեն արևմտյան լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե Կիևը ստիպել է ռուսամետ անջատողականներին նահանջել, իսկ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ցուցադրում իր պատրաստակամությունն աջակցել այդ ուժերին։ Ռուբեն Մեհրաբյան վստահ է՝ Վլադիմիր Պուտինը դավաճանել է ռուսամետ անջատողականներին. «Այդ զինված խմբավորումներն, այնուամենայնիվ, դատապարտված են պարտության»,- հավաստիացնում է նա։ Միաժամանակ Սերգեյ Մինասյանը կարծում է՝ ի վերջո Ռուսաստանն իր ուժը կրկին ցույց կտա. «Ռուսաստանի շահերից է բխում ստիպել Ուկրաինային գնալ բանակցությունների իր համար ձեռնտու պայմաններով, իսկ դա ապահովել առանց ռազմական լծակների Ուկրաինայի հարավ-արևելքում, հնարավոր չէ, հետևաբար կարծում եմ, որ մոտակա ժամանակներում Ռուսաստանը կուժեղացնի ռազմական աջակցությունն ու ռազմատեխնիկական մատակարարումը»։ Անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ուկրաինական ճգնաժամը, քաղաքագետը վստահ է, որ հայ-ուկրաինական հարաբերությունները չեն տուժի. «Չմոռանանք այն հանգամանքը, որ փաստացի ՌԴ-ից և Վրաստանից հետո Ուկրաինան ԱՊՀ երկրների շրջանում հանդիսանում է 3-րդ երկիրը՝ որպես հայկական համայնքի մեծության առումով, և այդ հանգամանքը իր դրական դերը կխաղա»,- ասաց պարոն Մինասյանը։ Իսկ Ռուբեն Մեհրաբյանը համոզված է՝ Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի եվրոինտեգրումից Հայաստանը ոչինչ չի քաղի, քանի դեռ մեր կառավարությունը չի փոխել արտաքին քաղաքականության ներկայիս վեկտորը. «Մենք տեսնում ենք այն խայտառակ ընթացքը քաղաքականության, որը վարում է մեր իշխանությունը, կապված այդ մեռելածին Եվրասիական միության հետ, որը ոչ միայն ապագա, այլ նաև ներկա չունի»,- նշեց փորձագետը։