Կառավարության որոշումը օգո՞ւտ, թե՞ վնաս ՓՄՁ-ներին (տեսանյութ)
Կառավարության ընդունած որոշումը՝ 1 տոկոսով իջեցնել ՓՄՁ-ների շրջանառվող հարկը, ուրախացրել է «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանին. «Մենք ոգեւորված ենք, քանի որ միշտ փորձել ենք հասնել դրան ու կառավարության որոշումը կարող է մեծ խթան հանդիսանալ ՓՄՁ-ների զարգացման համար»։ Պարոն Սաֆարյանը հավելում է նաեւ, որ այս որոշումը պետք է միայն սկիզբը լինի. «Սահմանային գյուղերում պետք է զարգանա արտադրությունը ու դրա համար այնտեղ պետք է բոլոր ՓՄՁ-ները ազատվեն բոլոր հարկերից, եւ եթե կառավարությունը նման որոշում կայացնի, արտագաղթն էլ կպակասի»,-վստահ է Վազգեն Սաֆարյանը։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը վստահ է, որ լավ որոշում է կայացվել, բայց դրան միակողմանի նայել խորհուրդ չի տալիս։ ՓՄՁ-ները դեռ իդեալական պայմաններում չեն հայտնվել. «Շրջանառության հարկի հետ խնդիրները կարող են թեթեւացնել բեռը, բայց առաջացնելով փաստաթղթաշրջանառության հարցեր՝ կարող են լուրջ խոչընդոտ դառնալ ՓՄՁ-ների համար»,- հիշեցնում է տնտեսագետը ու հավելում, որ այս հարցը լուծելուց հետո միայն կառավարության որոշումը կարող է ողջունելի լինել. «Հակառակ պարագայում մի ձեռքով լավություն կանեն, մյուսով՝ վատություն»։