50 միլիոն դոլարի վարկ՝ առեւտրի խթանման համար
Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո: Այս ծրագրի նպատակն է ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում: Հայաստանն ունի համեմատաբար փոքր արտահանման բազա, որի կազմում գերիշխում են սակավաթիվ ոչ մեծարժեք ապրանքներ, իսկ արտահանման ոլորտները չեն վերաճում առաջատար ոլորտների: Երկիրը նաեւ մասնավոր ներդրումներին, մասնավորապես՝ ուղղակի օտարերկրյա ներդրումներին զարկ տալու խնդիր ունի: Առաջարկվող աշխատանքները կնպաստեն համապատասխան գերատեսչությունների կատարելագործմանն ուղղված բարեփոխումներին եւ կապահովեն հավելյալ ներդրումներ արտահանումների ու ներդրումների հիմնական շուկաներում ներկայացուցչություններ ձեւավորելու, չափագիտության կառույցի շենքի ու լաբորատորիաների նորոգման համար: Արդյունքում, ակնկալվում է մեծացնել արտահանման շուկաներում ընկերությունների մրցակցելու կարողությունները, նպաստել հանրային-մասնավոր գործընկերությունների ձեւավորմանը եւ աջակցել Չափագիտության ազգային ինստիտուտին եւ Հավատարմագրման ազգային խորհրդին բազմակողմ համաձայնագրեր ստորագրել միջազգային կառույցների հետ: Ծրագրի ուղղակի շահառուներ կլինեն թե՛ ներկայիս, թե՛ապագա կամ հնարավոր արտահանողները, որոնց համար կապահովվեն որակյալ ծառայություններ եւ կգործեն առեւտրի խթանման եւ որակի առավել արդյունավետ համակարգեր: Կշահեն նաեւ այն օտարերկրյա ընկերությունները, որոնք պատրաստվում են ներդրում կատարել Հայաստանում, ինչպես նաեւ տեղական ընկերությունները, որոնց համար զգալի կլինեն ուղղակի օտարերկրյա ներդրումների անուղղակի դրական ազդեցությունները: Բացի այդ, ոլորտի ու կրթական համակարգի համագործակցությունը խթանելու արդյունքում այս աշխատանքները մեծապես կնպաստեն նաեւ բուհերի, հետազոտական կառույցների ու ձեռնարկությունների գործունեությանը: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն ԱՄՆ դոլար, որից 9.54 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետեւյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան եւ 25 տարվա մարման ժամկետ: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար: Համաշխարհային բանկ