Բացել լրահոսը Փակել լրահոսը
ցորենի-այլուչ
A A
Պաշտոնական

Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի շուրջ աղմուկի մասին

ՍԱՏՄ-ն անդրադարձել է Ղազախստանից ներկրված ցորենի թեմայի շուրջ սոցցանցերում տարածվող տեղեկություններին, մասնավորապես՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառմանը:
 
««Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հստակ կատարել է իր գործառույթները՝ իրականացնելով նմուշառում թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, թե՛ Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակներից:
 
Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում երեք ուղղություններով՝
 
1․ բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների.
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների.
3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:
 
Փորձարկումների արդյունքները հետևյալն են՝
  • բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել.
  • անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել
  • որակի ցուցանիշների փորձարկումների շրջանակում՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների, Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանել է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին։
 
Սա է իրականությունը:
Լրագրողը ո՞ր միջազգային բացահայտման համաձայն է պնդում, թե «ղազախական այդ ցորենը աճեցվել է այն տարածքում, որտեղ միջուկային զանգվածային փորձարկումներ են արվում», ի՞նչ հաստատված հիմնավորումներ կան այդ մասին, անհայտ է:
Իսկ թե ինչ է «ալֆա» տոքսինը, հատկապես՝ քիմիական ծագման, որով փորձ է արվում «ահաբեկել» հանրությանը, միայն գրողը կիմանա:
 
Ի վերջո, հրապարակել ալյուրի տուփերի նկարներ, որոնց մակնշման մեջ հստակ գրված է՝ «…արտադրված է բարձրակարգ ցորենից», հետո պնդել, որ դրա հումքը Ղազախստանից նոյեմբերին բերված ցորենն է ու չհրապարակել տուփի վրա գրվող արտադրության ժամկետը, պարզ-մանիպուլատիվ-դատապարտելի գործելաոճ է:
 
ՍԱՏՄ-ն հրապարակել է լաբորատոր փորձաքննությունների արձանագրությունները: