Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշոտ մինասյան
A A
Քաղաքականություն

Հրամանատար Աշոտ Մինասյանը տեղափոխվել է կալանավայր

 Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ հրապարակված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:   Նրան տեղափոխել են կալանավայր:

Այդ մասին Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն հայտնեց «Ա1+»ին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը մեղավոր է ճանաչել Աշոտ Մինասյանին եւ դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ էր սահմանվել 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել: Աշոտ Մինասյանի նկատմամբ փորձաշրջան էր սահմանվել՝ 1 տարի ժամկետով։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել, թե պաշտպանական եւ թե մեղադրող կողմերը: Պաշտպանական կողմը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և արդարացման դատական ակտ կայացնել, իսկ մեղադրանքի կողմն էլ պահանջել էր որպես պատիժ սահմանել ռեալ ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, առաջին ատյանի վճիռը մասամբ բեկանել էր, որպես պատիժ նշանակվել ազատազրկումը՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։ Վճռաբեկ բողոքներն էլ թողնվել են առանց քննության։

Պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին մեծ ասուլիսով են հանդես գալու եւ ներկայացնելու գործով արձանագրված աղմկահարույց բացերը:

« Ամեն ինչ արեցին, որ Աշոտ Մինասյանը հայտնվի անազատության մեջ»,- Ա1+-ին ասաց պաշտպանը: Աշոտ Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։