ՀԲ-ն էներգամատակարարման ծրագրին 40 մլն դոլար կտրամադրի
Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը եւ հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարեւորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի եւ Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը: Հայաստանի էներգամատակարարման ենթակառուցվածքների շահագործման միջին ժամկետը շուրջ 45 տարի է եւ վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հիմնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով: Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230կմ հատված՝ Հրազդանի ՋԷԿ-ից մինչեւ Շինուհայր ենթակայան: Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանա թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները եւ դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները: Ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի կուտակած փորձի եւ նախկինում Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքներից քաղած դասերի, ինչպես նաեւ այլ երկրներում իրականացրած էներգափոխանցման համակարգին առնչվող ծրագրերի վրա: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 40 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետեւյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան եւ 25 տարվա մարման ժամկետ: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար: Համաշխարհային բանկ