Շատ տնտեսվարողներ տեղյակ չեն նոր ՀԴՄ-ներից (տեսանյութ)
Նոր սերնդի ՀԴՄ-ները տարաձայնությունների տեղիք են տվել: Տնտեսվարողներից շատերն անգամ չգիտեն` ինչ տարբերություն նոր եւ հին սարքերի միջեւ, իսկ մի մասն էլ ձեռք է բերել` ուղղակի պարտադրված` առանց տեղյակ լինելու Կառավարության նոր որոշմանը: Այսօրվանից պետք է ուժի մեջ մտնեին նոր սերնդի ՀԴՄ-ները: Սակայն Կառավարությունն իր վերջին նիստում հետաձգեց նրանց կիրառումը` տարբեր հարկատուների դեպքում տարբեր ժամկետներով: Օրինակ` խոշոր խանութները` մինչեւ 500 մլն դրամ շրջանառություն ունեցողները, նոր ՀԴՄ-ներ կկիրառեն այս տարվա նոյեմբերի 1-ից։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը մեկնաբանում է. «Ապրիլից 58 մլն դրամից բարձր շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները այդպիսի անվանումներով կտրոններ կտրամադրեն: ՓՄՁ-ի ներկայացուցիչները` 2016թ. հունվարի մեկից»: Նոր` 150 հազար դրամ արժեցող ՀԴՄ-ներով կտրոնի վրա պետք է տպվի ոչ միայն ձեռք բերված ապրանքի գումարի չափը, այլեւ` ապրանքների անվանումները: Նոր ՀԴՄ-ների տեղադրումը հետաձգելով` Գործադիրը հույս ունի այսպիսով ժամանակ տալ տնտեսվարողներին: Մինչդեռ, շատ ՓՄՁ-ներ կամ ուղղակի տեղյակ չէին նոր ՀԴՄ-ներից, կամ բացասական էին տրամադրված: Նրանց մի մասն անգամ չցանկացավ խոսել տեսախցիկի առջեւ։ Մեր այցելած խանութներից մի մասի սեփականատերերն արդեն հասցրել, տեղադրել են նոր ՀԴՄ-ներ: Պարզվում է` նոր սարքերը միայն կտրոն են տպում, իսկ մյուս գործառույթները` ստուգել շտրիխ կոդը, կարդալ բանկային քարտը, չեն աշխատում` Ֆիննախը պետք է հատուկ ծրագիր մշակի, ինչը մինչ օրս չի արել: Միայն այս վաճառողուհին տեսախցիկի առաջ վստահեցրեց` շատ լավ է, որ օգտագործում են նոր ՀԴՄ-ներ. «Կարողանում ենք նախորդ օրվա տվյալները հանել: Մեր ամբողջ գործողությունները հսկվում են: Ամեն տվյալ նշվում է ու ոչ մենք կխաբենք, ոչ իրենք»: «Վաճառականների միության» նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը դրական փոփոխոթյուն է համարում նոր ՀԴՄ-ները, անգամ համարում է, որ դրանց տեղադրումն ուշացել է. «Եթե մենք ամբողջ առեւտրական ցանցը չկապենք սերվերի մեջ եւ չմտնի տվյալները հարկային տեսչություն, մենք անընդհատ կորուստներ կունենանք եւ անընդհատ կոռուպցիայի աղբյուր դա կդառնա»: Այժմ տիկին Գեւորգյանը բանակցություններ է վարում կառավարության հետ, որպեսզի հատկապես գյուղական վայրերում գործող ՓՄՁ-ների համար նոր ՀԴՄ-ները մատչելի գներով տրամադրվեն, իսկ այս ընթացքում սարքը չունեցող տնտեսվարողներն էլ չենթարկվեն վարչական պատասխանատվության. «Ցավոք, մենք արդեն ունենք փաստեր, ինձ զանգել են էս երկու օրը, որ արդեն սպառնում են` 150 հազար դրամ տուգանք կգրենք, այս կանենք, այն կանենք: Եթե հանկարծ գյուղական վայրերում հարկային տեսուչը կմոտենա ու կասի` ես քեզ տուգանում եմ, թող անմիջապես ինձ զանգահարեն»: