Էլեկտրաէներգիայի թանկացումը՝ չհիմնավորված թալան (տեսանյութ)
41,85 դրամ՝ 1 կվ էլեկտրաէներգիայի դիմաց. սա այն հնարավոր թանկացումն է, որի մասին հայտարարել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սակագնի 10 տոկոս բարձրացումը հանձնաժողովը հիմնավորում է մի շարք գործոններով. Ատոմակայանի՝ նախատեսվածից 88 օր ավել չշահագործվելը, անձրևների սակավությունը, ինչի արդյունքում ՀԷՑ-երը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով հոսանք են գնել և կուտակել ավելի քան 20 մլր դրամի պարտք եւ այլն։ Այս փաստարկները հավատ չեն ներշնչում թե հասարակությանը եւ թե ոլորտի մասնագետներին։ «Սա ոչ թե պատճառաբանված թանկացում է, այլ չհիմնավորված թալան»,- ասում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը և հիշեցնում՝ դեռևս նախորդ տարվա 30 տոկոսանոց թանկացումը հանձնաժողովը պատճառաբանում էր ատոմակայանի անվտանգության ապահովման խնդրով։ Պարոն Մակարյանն ունի իր վարկածը՝ Էլեկտրաէներգիայի թանկացումն ավելի շատ ցանցերի չկանոնակարգված աշխատանքի արդյունքն է։ Ֆինանսական ճեղքվածք միշտ էլ կարող է լինել, անկախ նրանից՝ 10 տոկոս կթանկանա, թե 50, քանի որ Էլեկտրացանցերում շռայլություններն ու չհիմնավորված ծախսերը շատ են, իսկ ներդրումները՝ քիչ։ Յուրաքանչյուր այսպիսի չհիմնավորված թանկացում էլ ավելի է խորացնելու երկրում սոցիալ-տնտեսական ծանր պայմանները՝ նպաստելով գնաճին եւ աղքատության մակարդակի բարձրացմանը։ Իսկ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները վստահեցնում են՝ հերթական թանացման փորձը կարող է կանխել միայն ակտիվ ՀՀ քաղաքացին՝ իր պայքարով։