Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

32.67 միլիոն դոլար Համաշխարհային բանկից՝ գյուղատնտեսությանը

Տնտեսություն
6953677c830aaaa043d781f1b7dbd4a5

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 32.67 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրին: Ծրագրի ներքո նախատեսվում է բարելավել արոտավայրերի եւ անասնապահական համակարգերի արդյունավետությունն ու ինքնաբավությունը մեծածավալ արոտավայրեր ունեցող ութ մարզերի շուրջ 100 համայնքներում՝ ավելացնելով շուկա դուրս բերվող անասնապահական արտադրանքը եւ մեծացնելով բարձրարժեք գյուղատնտեսական պարենային արժեշղթաները: Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող կանանց եւ տղամարդկանց համար գյուղատնտեսությունը շարունակում է մնալ որպես զբաղվածության ու ապրուստ վաստակելու հիմնական միջոց: Այսպիսով, գյուղացիական տնտեսությունների արտադրողականության զարգացումը, այդ թվում նաեւ՝ կոոպերատիվների ու միավորումների միջոցով, եւ գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների ու սննդի վերամշակման ձեռնարկությունների միջեւ կապերի ամրապնդումը, հույժ կարեւոր են: Շուկայի հասանելիության բարելավման, առեւտրայնացման գործընթացներին աջակցելու եւ աշխատանքային հնարավորություններ ստեղծելու եւ դրանց զուգընթաց շրջակա միջավայրը պահպանելու միջոցով՝ ծրագիրը կօգնի վերացնել հիմնական սահմանափակող գործոնները: ՀԳՌԿՄ 2-ով ընդլայնվում է առաջին ծրագրի գործունեության շրջանակը, հատկապես՝ արոտավայրերի ու անասնապահության հաջողված բաղադրիչի մասով, որտեղ ավելացվում է անասնապահությունը եւ գյուղատնտեսական արտադրանքը շուկաների հետ կապելու նոր արժեշղթայի բաղադրիչը: Առաջարկվող ծրագրի ներքո կշարունակվեն համայնքների կողմից տնօրինվող արոտավայրերի հիմքի վրա արդյունավետ ու ինքնաբավ անասնապահությանն ուղղված միջոցառումները՝ ՀԳՌԿՄ ընթացիկ ծրագրի շրջանակում ընդգրկված 86 համայնքների հետ մեկտեղ ներառելով մեծ հետաքրքրություն հանդես բերած նոր համայնքներ: Մոտ 100 համայնքներում կձեւավորվեն արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ, որոնք առանցքային դերակատարում կունենան արոտավայրերի/ անասնապահության կառավարման ինքնաբավ պլանների մշակման եւ դրամաշնորհային միջոցները ստանալու հարցում (մոտ 200000 ԱՄՆ դոլար ամեն մի ԱՕԿ-ի մասով): Ֆինանսավորումը կարող է ուղղվել հեռագնա արոտավայրեր հասնելու ու դրանք օգտագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորմանը, սառեցման սարքավորումներով հագեցած կաթի հավաքագրման կետերի ստեղծմանը, կերարտադրության ու անասնակեր հավաքելու համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը եւ համայնքային նշանակության այլ նպատակներին: Կանանց ու երիտասարդներին աջակցելու նպատակով նախատեսվում է մեծացնել նրանց ընդգրկվածությունը ԱՕԿ-ներում եւ արոտավայրերի կառավարման հետ կապված համայնքային որոշումների կայացման գործընթացում: Այս աշխատանքներին զուգընթաց ծրագրի շրջանակում ընտրված արժեշղթաների մասով բիզնեսի զարգացմանը նպաստելու ու շուկայի հասանելիությունը ապահովելու համար առանձնակի ուշադրություն կդարձվի ու քայլեր կձեռնարկվեն այնպիսի պետական հաստատությունների կարողությունների մեծացմանը, ինչպիսիք են մարզային Անասնաբուժական ծառայությունների կենտրոնները եւ Սննդի անվտանգության պետական ծառայությունը: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 42.67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է Կառավարության ու շահառուների ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 9.67 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՄԶԸ-ից, որից 3.8 միլլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը 1.25% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, 5.87 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը 1.40% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, եւ 23 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն ՎԶՄԲ-ից՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան եւ 25 տարի ժամկետ: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,871.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար: