Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղանակի մասին կեղծ լուրեր են տարածում. Ի՞նչ ամառ է սպասվում (տեսանյութ)

Հասարակություն
եղանակ

Հայաստանում փոթորիկներ ու աննախադեպ կարկուտներ չեն եղել. hամոզված է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հերքեց այն տեղեկությունները, թե մեր երկրում դիտվում են աննախադեպ եղանակային փոփոխություններ. «Փոթորիկների, ինչպես նաև աննախադեպ կարկուտների վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, որևէ արտառոց եղանակային պայմաններ Հայաստանում չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ նմանաբնույթ լուրերի տարածմամբ շահագրգռված են որոշ կազմակերպություններ, որոնց անունները չնշեց. «Որոշ հեղինակային կազմակերպություններ ավելորդ նախաձեռնություն են ցուցաբերում որոշակի հայտարարություն անելու փոթորիկի և մյուս երևույթների վերաբերյալ, եթե վտանգավոր երևույթ է սպասվում, մենք այդ մասին տեղեկացնում ենք մեր կայքի միջոցով»,- ընդգծեց մասնագետը: Նա նաև խոսեց ամռանը սպասվող եղանակից՝ նշելով, որ սպասվում է հով ամառ. «Հով կլինի հուլիս ամսին, իսկ օգոստոսը՝ չոր: Այս ամսի 21-22-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, սակայն այս տաքացումը երկար չի տևի. հաջորդ օրերին դարձյալ ցուրտ օդի ալիք կներթափանցի հանրապետություն, ուստի հունիսի վերջին ջերմաստիճանը կլինի նորմային մոտ՝ բացասական շեղումով»,- ԱԻՆ-ի տվյալները ներկայացրեց տիկին Պետրոսյանը: