Մի քանի ակցիա միաժամանակ՝ Բաղրամյան 26-ում (տեսանյութ)
Երկու տարի նախագահական նստավայրի դիմաց։ Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկը՝ Էմմա Սահակյանը, բարեկամուհու պատճառով զրկվել է տնից եւ այս տարիների ընթացքում փորձել է նախագահական նստավայրից խնդրին լուծում ստանալ, սակայն ապարդյուն։ «Երկու տարի է` 76 տարեկան կինը նստած է իրենց աչքի առաջ, եւ ոչ մի արդյունքի չեմ կարողանում հասնել։ Առավոտյան մեքենաների շարասյունն եմ դիմավորում-ճանապարհում, բայց ոչ մի ուշադրություն»,- պատմեց Էմմա Սահակյանը։ Որպես խնդրի լուծում՝ տիկին Էմմային առաջարկել են գնալ ծերանոց, նա չի համաձայնվել. «Ես իրենց առաջարկել եմ` ծերանոց ուղարկեք ձեր հարազատներին, որ հետո դուք գնաք։ Տիկին Էմման պայքարելու է մինչեւ վերջ։ Բաղրամյան 26-ի դիմաց այսօր հավաքվել էին նաեւ Հարսնաքարի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալների հարազատները. կրկին պահանջում էին արարքի անհատականացում։ Այսօր նրանք իրենց բողոքի նոր հասցեատեր ունեին. «Դատախազի դեմ ենք ելել, դատախազը եկավ իր վճիռը կարդաց, գնաց»,- նշեց ամբաստանյալներից Արման Խաչատրյանի մայրը՝ Սուսաննա Դավթյանը։ Նախորդ դատական նիստում դատախազ Արմեն Մարուխյանը կարդացել է մեղադրական ճառը եւ անփոփոխ թողել դատավճիռը։ Իսկ հունիսի 23-ին կհրապարակվի արդեն Վերաքննիչի դատավճիռը։ «Երկու տարի է՝ գործի հետ կապ չունեցող մարդիկ նստած են, չգիտեմ ո՞ւմ թելադրանքով,ո՞ւմ կարգադրությամբ, խեղաթյուրված ձեւով քննություն են արել, անմեղ մարդը արդեն 2 տարի է՝ կալանավորված է»,- ավելացրեց Յաշա Խաչատրյանը։ Նախագահականի դիմաց էին այսօր նաեւ ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները։ Նրանք արդեն 8 տարի է՝ զրկված են թոշակից։ Օդաչուները համոզված են, որ 2006 թ-ին մեր կառավարությունը մտածված «Հայկական ավիաուղիներ»-ին տարավ սնանկացման, որպեսզի իրենց թոշակները չվճարվեն։ «Օրենքները չեն աշխատում հանրապետությունում։ Հիշում եք, որ կինոյի մեջ Ավետն ասում էր՝ խաբել են, խաբում են եւ կխաբեն։ Հիմա ղեկավարությունը գնում է այդ պրինցիպով»,- նշեց ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ակցիա իրականացնող մարդկանց խնդիրները չլսելը Սերժ Սարգսյանի կողմից պարզապես արհամարհանք է գնահատում. «Այդ մարդը չի ուզում լուծել ձեր հարցերը, իսկ այն մարդը, ով չի ցանկանում լուծել քաղաքացու հարցերը, ղեկավար չպետք է լինի»,- եզրափակեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը։