Արմեն Գեւորգյանի զանգն էլ չի օգնել (տեսանյութ)
Նինել Իվանյանը 35 տարի «Արմենիա» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բուժքույր։ 2005 թվականին բուժկենտրոնի տնօրենը որոշել է ազատել նրան աշխատանքից, քանի որ տիկին Նինելը պահանջել է իր աշխատավարձը՝ ընդամենը 15,350 դրամ. «Բաժանմունքի վարիչը մոտեցավ ինձ, ասեց՝ դատարկ թղթի վրա ստորագրի, ասեցի՝ ի՞նչ ստորագրեմ, ինչի՞ համար, ախր դատարկ թուղթ է, ասեց «ջանդամին» ստորագրես ու գնաց։ Հետո եկավ ու ասեց, որ տնօրենը որոշել է, որ ես գնամ տուն»։ Տիկին Նինելը դիմել է դատարան՝ բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով, սակայն ստացել է մերժում։ Այսօր նա կառավարության դիմաց է եւ խնդրում է Հովիկ Աբրահամյանին իր հարցին լուծում տալ. «Ո՞վա տեսել 30 անգամ դատը հետաձգեն, հետո ինձ դատարան չկանչեն, վճիռ կայացնեն ու ասեն բողոքարկման ենթակա չի, ինչի՞ ենթակա չի»։ Կառավարության դիմաց էր այսօր նաեւ Խաչպար գյուղի բնակչուհի Պողոսյան Դանիելան, ով արդեն դիմել էր փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին՝ իր այգու ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար։ Փոխվարչապետը տիկին Պողոսյանի ներկայությամբ զանգահարել է մարզպետին ու հրահանգել լուծել տիկնոջ խնդիրը, սակայն վերադառնալով տուն՝ տիկին Դանիելան տհաճ անակնկալի է հանդիպել. «Գյուղապետը եկավ, սկսեց գոռգոռալ, վատ բառեր ասեց, ասեց ուր ուզում ես գնա , բան չի փոխվի։ Հիմա էլի եկել եմ Արմեն Գեւորգյանի մոտ, բայց ինքը չկա»։