Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի դեսպանը չխոսեց սահմանի լարվածությունից (տեսանյութ)

Հասարակություն
ռենո

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր մասնակցեց Ֆրանսիական մանկապարտեզի և տարրական դպրոցի նորակառույց շենքին բացմանը։ Նա նշեց, որ նմանաբնույթ կրթօջախներն էլ ավելի են սերտացնում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները. «Այս ֆրանսիական մանկապարտեզը և տարրական դպրոցն իրենց մակարդակով գերազանցում են ֆրանսիական դպրոցներին։ Ես կոչ եմ անում բոլոր ծնողներին, այդ թվում՝ օտարերկրյա, իրենց երեխաներին ուսման տալ հենց ֆրանսիական դպրոցում, քանի որ այն որակապես բարձր կրթություն է տալիս»։ Բացումից հետո լրագրողների հետ հանդիպմանը դեսպան Անրի Ռենոն չցանկացավ խոսել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունից։ Նա նաև անպատասխան թողեց «Ա1+»-ի այն հարցը, թե արդյոք ֆրանսիացի գործարարները անհանգստացած չե՞ն տարածաշրջանում տիրող լարված վիճակից։ Դեսպանը պարզաբանեց, որ հանդիպման թեման այլ է։ Նա խոստացավ նշյալ հարցերի շուրջ հետագայում մամուլի ասուլիս տալ։ Անցնելով ուսումնական հաստատության հարցին՝ դեսպանը հաղորդեց, որ ներկայումս 180 սան ունեն՝ 87-ը մանկապարտեզում, 67-ը՝ տարրական դասարանում, իսկ 27-ը սովորում է միջին դպրոցում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան Միշել Կասբարյանն էլ հավելեց, որ ուսումնական հաստատությունում ամբողջական կրթության վարձը տարեկան կազմում է 2400 եվրո «Սակայն համեմատած կովկասյան այլ երկրների նմանաբնույթ ուսումնական հաստատությունների հետ՝ կարող ենք ֆիքսել, որ ֆրանսիական հաստատությունը ամենաէժանն է»,- ընդգծեց նա: