Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյան. «Սահմանադրությունը քաղաքական գործիչների գործը չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
գալւստ

Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը պահպանելու իշխանությունը սահմանադրական բարեփոխումներից հետո։ Այս հարցը հետաքրքիր է նաեւ արդարադատության փոխնախարար Գրիգորի Մուրադյանին. «Ինքը պարզ ասեց, որ չի դառնալու վարչապետ, եթե մենք անցում անենք խորհրդարանական կառավարման ձեւին»։ Ըստ փոխնախարարի, բարեփոխումները նախաձեռնելով Սերժ Սարգսյանը չի փորձի պահպանել նաեւ նախագահի աթոռը, բայց դա չի նշանակում, որ նա պետք է ընդհանրապես հեռու մնա Հայաստանի քաղաքական դաշտից. «Ինչո՞ւ դուք պետք է բացառեք, որ գործող նախագահը չի կարող հավակնել որեւէ այլ պաշտոնի։ Ըստ ձեզ դա տրամաբանական կլինե՞ր»։ Սերժ Սարգսյանը իշխանությունը պահպանելու մեկ ծանրակշիռ պատճառ ունի՝ ըստ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի. «Ինքը իմ կարծիքով իշխանության մեջ է հավերժ, որովհետեւ ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ բարեփոխումներով Սերժ Սարգսյանը փորձելու է պահպանել իշխանությունը։ Հենց դրա համար է Դաշնակցությունն ուզում փոխել Սահմանադրությունը. «Երկու բան կարող է տեղի ունենալ, եթե պահպանվի նույն համակարգը՝ կամ իշխանությունները իսկապես կգտնեն իրենց իրավահաջորդին եւ կթվա, թե մարդ փոխվեց եւ իշխանությունը պահպանեց նույն իր ոճը եւ կարգը ղեկավարման, որ արդեն իսկ տեսել ենք, թե ինչերի է բերել, կամ իշխանափոխություն տեղի ունենա եւ նույնպես մարդիկ գան, ու գայթակղվեն լծակներով եւ էլի ոչինչ չփոխվի»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանը իր հագով նոր Սահմանադրություն է կարում, որովհետեւ այս Սահմանադրությունը նրան խանգարում է երրորդ անգամ դառնալ նախագահ. «Միակ պատճառը, ինչի համար դիմել են փոփոխությունների, դա այն է, որ ստեղծեն վերարտադրման այսպիսի հնարավորություն»։ ՀԱԿ-ը դեմ է կիսանախագահական համակարգը փոխելուն, դրանից բացի, երկրում սահմանադրական ճգնաժամ չկա եւ երկրում տեղի ունեցող ապօրինությունների հետ գործող Սահմանադրությունը կապ չունի. «Այլ հակառակը՝ կապված է Սահմանադրության խախտումների հետ, ընտրությունների կեղծիքների, բազմաթիվ չարաշահումների»։ Ազգային ժողովի նախագահը նկատում է, որ Սահմանադրությունը փոխում են, որովհետեւ լսել են այլ կուսակցությունների բողոքը Սահմանադրության անկատարության մասին։ Այդ դեքում ինչու՞ սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս Սերժ Սարգսյանը դիմել է իրավաբանների օգնությանը եւ ոչ թե քաղաքական գործիչների։ Գալուստ Սահակյանը սրանում տարօրինակ ոչինչ չի տեսնում. «Ես չեմ համարում Սահմանադրությունը ընդհանրապես քաղաքական գործ, դա պետք է համապատասխանի ավելի շատ իրավաբանական գործառույթներին, քան՝ քաղաքական, որովհետեւ քաղաքականությունը կարող է փոխվել, հենց սահմանադրությունը նրա համար է, որպեսզի հասարակությանը կարողանա պահել, պահպանել»։