«Քանի գնում՝ թալանն է շատանում». Օդաչուներն իրենց գումարն են պահանջում (տեսանյութ)
Օդաչուները կրկին նախագահականի դիմաց են։ Արդեն 7 տարի է՝ 90 հաշմանդամ օդաչուներ չեն ստանում իրենց հասանելիք գումարները: Այսօր հավաքվածները 2 տասնյակի էին հասնում, սակայն նրանք պնդում են, որ հաշմանդամ օդաչուների թիվը եղել է 137: Այս ընթացքում նրանցից մնացել են 90-ը և բոլորը 2-րդ կարգի հաշմանդամներ են: Նախկին օդաչուները պնդում են, որ և նախագահականի դիմաց են իրենց ձայնը բարձրացնում և կառավարության շենքի դիմաց, սակայն նրանց ձայնը ոչ ոք չի լսում. «Մենք պայքարելու ենք այնքան, մինչև այս երկրում օրենքները գործեն, որ մեր թագավորները՝ 130 հոգի, հավաքված ձրիակերները, օրենքներ են ընդունում, բայց այդ օրենքները չեն աշխատում։ Մենք պայքարում ենք, որ Հայաստան երկրում օրենքներն աշխատեն, սակայն քանի գնում, միայն թալանն է շատանում»,- մեզ հետ զրույցում ասաց ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը։ Նա նաև ընդգծեց. «Մի երկրում, որ 2 հատ տուալետի համար 370.000 դոլար տան, բայց թոշակ չտան, էլ ի՞նչ պահանջենք»։