Ամռանն ի՞նչ են անելու դպրոցականները (տեսանյութ)
Դպրոցահասակները մեծ անհամբերությամբ են սպասում ամառային արձակուրդներին, իսկ ծնողների խնդիրներն այս ընթացքում կրկնապատկվում են։ Հատկապես աշխատող ծնողները չգիտեն, թե ինչպես պլանավորեն իրենց երեխաների հանգիստը։ Դպրոցական ճամբարների առկայությունը նրանք անհրաժեշտություն են համարում։ «Դա փրկություն է, որովհետեւ աշխատում ենք, եւ երեխաները ինչքան էլ զբաղմունք ունենան, պարի խմբակներ, բոլորը արձակուրդներ են ունենում»,- ասում է Վարսենիկ Եղիազարյանը Իսկ Սոնա Խաչատրյանն էլ ավելացնում է. «Ամռանը շատ երեխաներ կան, որ հնարավորություն չունեն դուրս գնալու, անկապ խաղերի մեջ են, կռիվների մեջ են անընդհատ ընկնում, դրանից զերծ կմնային»։ Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը դպրոցական ճամբարներին լուրջ է վերաբերվում, կարծում է՝ դա մեծ պատասխանատվություն է. «Եթե մի բան արվում է, ապա անպայման պետք է լինի ճիշտ կազմակերպված, գրագետ, այնպես չէ, որ երեխաները գան վազվզեն եւ գնան»։ Մինչ գերատեսչությունները կմտածեն ամառային դպրոցների ստեղծման մասին, «Գիտուն» մասնավոր կենտրոնում հունիսի 2-ից արդեն այն կմեկնարկի՝ համատեղելով երեխանների ամառային հանգիստը եւ ժամանցը։ «Դասերը վերածվում են իրականության քննարկման, իսկ երկրորդ մասը ունակությունների քննարկման»,- ասում է «Գիտուն» երեխաների ընդունակությունների զարգացման կենտրոնի տնօրեն Աննա Գալստյանը։ Ի դեպ, այս կենտրոնում ծնողներն օնլայն կարող են հետեւել իրենց երեխաների դասերին եւ պարապմունքներին։