Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի հորդորն ապագա սերնդին (տեսանյութ)

Պաշտոնական
hovik7

Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 119 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը: Հայաստանի վարչապետը կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել կանաչ ճանապարհ. «Ես հպարտ եմ ձեզանով՝ մեր ապագա սերունդով, և որպես երկրի վարչապետ շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի լավ աշակերտներ»: Հաջողության հասնելու համար կառավարության ղեկավարը հորդորել է դպրոցականներին լավ սովորել և փորձառություն ձեռք բերել: Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր դպրոցական տարիներին, գործադիրի ղեկավարը նշել է. «Դպրոցական տարիներն ինձ համար հիշարժան տարիներ են եղել, և այն, ինչ այսօր հորդորեցի ապագա սերունդին, մեր շրջանավարտներին, անկեղծ էր: Համոզված եմ՝ եթե լսեն իմ հորդորը, անպայման հաջողություններ կունենան իրենց կյանքում»: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ այսօր գիտելիք ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ կան, քան իր ուսանած տարիներին, և իշխանությունը կանի ամեն ինչ՝ ապագա սերունդի կրթման և դաստիարակման անհրաժեշտ միջավայրն ստեղծելու համար: «Նման հանդիպումներից հետո միշտ ոգևորվում եմ և հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունն ունենալու է փայլուն ապագա, և մենք ապագայում ունենալու ենք հզոր Արցախ, հզոր Հայաստան», - եզրափակել է երկրի վարչապետը: