Open news feed Close news feed
A A
Video Social

Հրազդանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Միկրոշրջան թաղամասում տեղի ունեցած սպանությունը (video)

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Հրազդանի բաժին ու հայտնեցին, որ Միկրոշրջան թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։ Դեպքի վայր մեկնած օպերտիվ-քննչական խմբերը պարզեցին, որ սպանվածը 51-ամյա տղամարդ էր։ Նրա դեմքն ամբողջությամբ ջնջխված էր։

Վարկած առաջ քաշվեց, որ վնասվածքները բռնունցքի հարվածների հետևանք են։ Բնակարանի զննությամբ պարզ դարձավ, որ հացկերույթ էր եղել։ Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Կոտայքի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և րոպե առաջ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքից կարճ ժամանակ անց Հրազդանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տղամարդուն ծեծելով սպանել է նրա 40-ամյա ծանոթներից մեկը, որը Հրազդանի բնակիչ է։ Շուտով հայտնի դարձավ, որ հացկերույթի ընթացքում նրանց միջև անհիմն վեճ է սկսվել։

Փոխադարձ հայհոյանքներով ուղեկցված միջադեպը հանգուցալուծվել է սպանությամբ։ Հրազդանի ոստիկանները կասկածվողին թարմ հետքերով հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։