Բավար չէին Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը․ Աշոտ Սարգսյանի բացահայտումները (video)
Support A1+!Եթե որևէ իշխանություն վախաժամկետ ազատ արձակի Նաիրի Հունանյանին, դա իրենց դեմ նոր Հաիրի Հունանյաններ ծնելու ճանապարհ կբացի, ասում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքերով եթե որևէ մեկը Հոկտեմբերի 27-ի բացահայտումը սկսի Ն․Հունանյանի ցուցմունքներից, այդ գործը երբեք չի բացահայտվի։
Նախ պետք է հավաքվեն փաստերը, որոնց հիման վրա նոր հարցաքննություն իրականացվի։ Եվ վստահեցնում է, որ մեծ թվով փաստեր արդեն իսկ հավաքված են, ու որոշ հակասությունների հասել են։
«Կազմակերպիչների բացահայտումը պետք է նախաքննությունը ապահովի, այդ ապացույցների ճնշման տակ նոր Ն․Հունանյանին հարցադրում անեն, որ նրա ցուցմունքը արժանահավատ լինի։ Նախկինում նախաքննությունը նրա ցուցմունքների հետևից է գնացել»,- ասում է Ա․Սարգսյանը։
Նա չի ընդունում այն կարծիքները, թե պետք է Ն․Հունանյանին տալ վաղաժամկետ ազատվելու իրավունքից օգտվելու հնարավորություն և համագործակցելով՝ նրանից արժեքավոր տեղեկություններ ստանալ գործի բացահայտման համար։
«Համագործակցության փորձ ունեցել ենք՝ նրա քեռի Վռամ Գալստյանը դատավարության ժամանակ խնդրեց, որ զոհերի հարազատները գան, ինքը շատ կարևոր հայտարարություն ունի անելու։ Ես ասացի, որ հարազատների ներկայությունը շատ արագ կապահովենք և միջնորդեցի, որ Վ․Գալստյանը մնա դահլիճում։ Մի քանի րոպե հետո դատարանը որոշեց՝ ոչ։
Նրան տարան ներքև։ Եկան բոլոր այրիները, եկավ Վ․Գալստյանն ու ասաց, թե ուզում է ներողություն խնդրել հարազատներից»,- ասում է Ա․Սարգսյանը։
Վերջինս համոզված է, որ այդ ընթացքում Վ․Գալստյանին պարզապես արգելել են անել մտադրված հայտարարությունը։
Փաստաբանը դժգոհ է Հոկտեմբերի 1-ի նախաքննությունից ու նախաքննական թերությունները պայմանավորում է իշխանության ազդեցությամբ։
Նա գտնում է, որ իշխանությունները ճնշել են նախաքննական մարմնին, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին գործը չբացահայտելու համար։ Եվ հենց այդ ճնշման ազդեցությամբ էր, որ Գ․Ջհանգիրյանը չկարողացավ պահել գործի մանրամասները ԱԺ-ին ներկայացնելու խոստումը։ «Նա գալիս էր ԱԺ, չամփին մտնում է նախագահի մոտ, հետո գալիս՝ ասում է, քանի զինդատախազ եմ, չեմ կարող ասել»,- հիշում է Ա․Սարգսյանը։
Փաստաբանը նաև բավարար չի համարում նախաքննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը և ափսոսում, որ իրենց չտրվեց նրանց հարց ուցցելու հնարավորությունը։
Նա անդրադարձավ նաև ԱԺ-ում Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի խոսակցությանը և պնդեց, թե «զրո հավանականություն կա, որ չի ձայնագրվել այդ խոսակցությունը, որ ԱԱԾ-ն չունենար այդ ձայնագրությունը»։
Եվ Ա․Սարգսյանը գտնում է, որ դատախազությունն իր նախաձեռնությամբ պետք է վերաբացի Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, քանի որ այդ ոճրագործության արդյունքում տուժել են ոչ միայն զոհերի հարազատները, այլև պետությունը։ «Բարի եղեք մի խումբ էլ ստեղծեք, որը կզբաղվի Հոկտեմբերի 27-ի գործով»,- իշխանություններին կոչ է անում նա։
Փաստաբանը հարցազրույցում նաև ուշագրավ բացահայտումներ է անում։
Մանրամասները տեսանյություն