Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ծրագիրն ընդունվեց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovo

Հենց նոր Ազգային ժողովը 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը։ «Մենք շնորհավորում ենք կառավարությանը և ցանկանում ենք արգասաբեր, բեղմնավոր աշխատանք»,- քվեարկությունից հետո ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Մինչ քվեարկությունը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել էր, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ են քվեարկելու։ Լևոն Զուրաբյանն ասել էր, որ ՀԱԿ-ը մերժում է ընտրակեղծիքներով ձևավորված մեծամասնության իրավունքը՝ ձևավորելու կառավարություն, ուստի դեմ է Սերժ Սարգսյանի ռեժիմին և նրա ծրագրին, և ՀԱԿ-ը հրաժարվելու է քվեարկությունից։ ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին ու դիմում է գրել՝ ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու մասին։ Նրանից հետո խոսել էր Հեղինե Բիշարյանը՝  հայտնելով, որ իրենք հարգել են Բոթոյանի դիմումը՝ որպես երիտասարդ պատգամավորի, սակայն, Բիշարյանի խոսքով՝ համագործակցության, ազնիվ, թափանցիկ աշխատելու և ճիշտ պահվածքի մասին ավելորդ է խոսել կառավարության հետ։ ՀՀ վարչապետի եզրափակիչ ելույթը՝ Ազգային ժողովի հարգարժան նախագահ, փոխնախագահներ, հարգելի պատգամավորներ, նախևառաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբերյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը: Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները: Շատ առաջարկներում և հարցերում՝ թե´ քննադատական, թե´ սատարող, ես տեսա մտահոգություն, տեսա գործնական ցանկություն՝ Հայաստանի Հանրապետության իրավիճակը դեպի լավը փոխելու: Մենք գրանցել ենք հնչած բոլոր մտքերը և դրանց անպայման անդրադառնալու ենք քաղաքականության մշակման կամ իրականացման փուլում` բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածության անկեղծ հրավերով: Միաժամանակ ինձ ցավ է պատճառում, որ մեր քաղաքական մշակույթում դեռևս առկա է ծրագրային փաստարկների բացակայության դեպքում հարցը քաղաքական գործիչների անհատական անվանարկման մաղձոտ դաշտը տեղափոխելու պրակտիկան: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա է սպասում քաղաքական գործիչներից, և իմ կարծիքով՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք սեփական ընտրողների նկատմամբ: Հարգելի գործընկերներ, իշխանությունը և ընդդիմությունը գտնվում են մի նավում, և մենք բոլորս նավարկում ենք միասին, այսինքն՝ մեր երկրի համար յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր չափով: Այդ տեսակետից իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ կարող է համարվել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը: Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության և ժողովրդի մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից և իշխանության հետ իր ունեցած տարաձայնություններից: Հարգելի ընդդիմադիրներ, մտածեք այս մասին: Ես ցանկանում եմ, ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և բոլորին հորդորել, առաջարկել, խնդրել. իմ նպատակն է, որ մենք հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում աշխատենք բոլորս միասին: Դա իմ ցանկությունն է և առաջարկը: Շնորհակալ եմ: