Օդաչուները դիմեցին Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)
Արդեն 8 տարի է՝ հաշմանդամություն ունեցող օդաչուները չեն ստանում իրենց հասանելիք թոշակները; Իրենց գոյության մասին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հիշեցնելու համար այսօր նրանք կրկին կառավարության շենքի մոտ էին; «2006 թվին մեր կառավարությունը մտածված «Հայկական ավիաուղիներին» տարավ սնանկացման։ Երբ որ սնանկանում են, եղած գույքը պետք է վաճառեին եւ տային փոխհատուցում պահանջող անձնավորություններին։ Ցավոք սրտի, մինչեւ սնանկացնելը, իրար մեջ բաժանեցին»,- ասաց ցուցարարներից Սեյրան Սարգսյանը։ 60-ից ավելի օդաչուները զգուշացնում են իրենց իրավունքները վերականգնելու համար ոչնչի առաջ կանգ չեն առնելու։ «Ճանապարհին ենք Եվրոդատարանի, որ մեր իրավունքները վերականգնվեն, օրենքները կոպիտ ձեւով ոտնահարվում են»,- նշեց Ռազմիկ Աղաջանյանը։ Այսօր նրանց շարքերում հնարավոր չէ գտնել մեկին, ով առողջական խնդիր չունի, «Բոլորը խլացած են, գլխապտույտ ունեն, սրտխառնոց ունեն»,- հիշեցնում է Մարտիրոս Շահինյանը։ Այսօր կառավարության շենքի մոտ էին նաեւ իրացման գոտու բնակիչները։ Նրանք տանիքից զրկվել են 10 տարի առաջ: Ուզում են հավատալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն խոսքերին, թե նոր կառավարության ծրագրի հիմքում մարդն է եւ նրա բարեկեցությունը։