Մանվել Գրիգորյանը չգիտի՝ ինչպես է անօրինական զենքը հայտնվում մարդկանց մոտ (տեսանյութ)
Պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը չգիտի, թե ինչպես է անօրինական զենքը հայտնվում մարդկանց ձեռքը, որոնք դրանով պատահական մարդկանց են վիրավորում. «Արդեն էսի զենք ծախողներից հարցրեք, զենքի գործ անողներ կլինեն, կհարցնեք, կիմանաք»: «Լավ չի, որ փողոցում մարդ են վիրավորում, բայց դրա համար պետք չէ, որ ոստիկանապետը հրաժարական տա,-կարծում է պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը,- Հմի ուրիշները կռվեն, ոստիկանապետը ի՞նչ կապ ունի դրա հետ»: Անցյալ շաբաթ օրը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային վերագրվող օրը ցերեկով կատարված հանցագործության համար ոստիկանապետի պաշտոնանկությունը ցանկալի չէ նաեւ գործընկեր Գրիգոր Մարգարյանի համար. «Եթե ոստիկանապետը հրաժարական տա ամեն տվյալ հարցով, ապա մենք ամսեկան 30-40 ոստիկանապետ պիտի փոխենք»: ԲՀԿ-ական մյուս պատգամավորները մտադիր չէին մեկնաբանել իրենց գործընկերոջ փեսայի հետ կապված միջադեպը, որի արդյունքում վիրավորվել է 5 հոգի։ Հանրապետական խմբակցության ղեկավարը տեղյակ է` լավ բան չի եղել, քննադատաբար է վերաբերվում, բայց կրակողներին էլ պետք է հասկանալ։ Վահրամ Բաղդասարյանն ասում է. «Կարող է նաեւ դեպքը ուսումնասիրելով, որ նախկինում որեւէ բան չի եղել, պարզապես պահի ազդեցության տակ, պոռթկման ազդեցության տակ…»: Պարոն Բաղդասարյանը հիշում է, որ Հարսնաքարի դեպքից հետո իրենց խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, միգուցե ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էլ հրաժարվի. «Չեմ կարծում, որովհետեւ պետք է քննություն գնա, Կարո Կարապետյանը դեպքին չի մասնակցել»։ Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն ավելացնում է. «Սա արդեն տվյալ թիմի եւ Կարո Կարապետյանի անձնական որոշելիք հարցն է»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույն հարթության մեջ չէր դնի Հարսնաքարում Ռուբեն Հայրապետյանի եւ Վերնիսաժում Կարո Կարապետյանի դերակատարությունը. «Հարսնաքարը պատկանում է Ռուբեն հայրապետյանին, էստեղ ինքը չէ, իր որդին չէ, բայց ես կրկնում եմ, ինքս մշտապես կողմ եմ եղել, որ ցանկացած ոք պետք է պատասխան տա իր մերձավորի անթույլատրելի քայլի համար»: