Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն առաջարկել է ԿԲ նախագահի իր թեկնածուին

Քաղաքականություն
1c7addd741f32b4779e4045b77344a31

Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահի պաշտոնում կրկին առաջարկել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը: ԿԲ նախագահը նշանակվում է վեց տարի ժամկետով: Արթուր Ջավադյանն այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ շնորհակալություն հայտնեց վստահության համար ու խոստացավ էլ ավելի բեղմնավոր աշխատանք: Մինչ փակ, գաղտնի քվեարկությունը՝ պատգամավորները հարցեր ուղղեցին նրան: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր՝ ԿԲ-ում աշխատավարձերը բավականին բարձր են, արդյոք այստեղ աշխատող եւ բարձր աշխատավարձ ստացող իրավաբանները պարոն Ջավադյանին զեկուցե՞լ են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առանցքային դրույթները հակասահմանադրական են. «Եթե զեկուցել են, ո՞րն է եղել ձեր արձագանքը, եթե չի եղել զեկուցում, ապա չի՞ նշանակում, որ այդքան էլ բարձր որակավորման մասնագետներ չեն նրանք: Եվ հաջորդ հարցը՝ ձեր պատկերացումները հստակեցրեք՝ պարտադիր բաղադրիչը պիտի լինի՞, թե ոչ: Ընտրվելու դեպքում ո՞րն է ձեր տեսլականը երկրորդ պաշտոնավարման ընթացքում: Խնդրում եմ կոնկրետ պատասխանեք, այլ ոչ թե կքննարկենք, կտեսնենք»: Արթուր Ջավադյանը վստահեցրեց, որ բացի աշխատավարձի բնականոն աճից, օրինակ, աշխատանքային ստաժի հետ կապված եւ այլն, աշխատավարձի որեւէ այլ աճ չեն արել. «Առեւտրային բանկերի հետ համեմատությամբ, մեր ԿԲ-ի աշխատողների աշխատավարձերը բավականին ցածր են, դրա համար արտահոսք էլ ունենք, նույնիսկ իրավաբանների պահով: Ինչ վերաբերում է պարտադիր բաղադրիչին, ապա որպես ՀՀ քաղաքացի՝ ՍԴ-ի որոշմանը բոլորը պարտավոր են համապատասխան անդրադարձ անել: Մենք փորձում ենք ՍԴ որոշմամբ պայմանավորված այդ բացերը վերացնել, խոսքը չի վերաբերում պարտադիր բաղադրիչի վերացմանը, այլ վերանայման մասին է խոսքը»: Նա վստահեցրեց, որ լավագույն մասնագետներն են աշխատել այս օրենքի վրա. «Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի վերջնական դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը: Ձեզ խոստանում եմ դա միանշանակ: Իհարկե, լինելու է պարտադիր բաղադրիչը, ուրիշ հարց է, թե ինչպես ենք դա իրականացնելու: Սա անհրաժեշտ ռեֆորմ է եղել, եւ ավելի խորը կոնսուլտացիաներ պետք է անենք»: Նիկոլ Փաշինյանին նրա պատասխանը զարմացրեց. «Ստացվում է՝ բովանդակային փոփոխությունների չե՞ն լինելու, միայն դիզա՞յնն է փոխվելու: Այսինքն, ծյունինգ եք անելու կուտակային կենսաթոշակային օրենքը, ու, ասենք, որոշ ձեւակերպումներ բերվելու են սահմանադրական դաշտ»: