Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրանսպորտի սակագինը մայիսի 20-ից չի թանկանա»

Հասարակություն
transport

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուրեր են տարածվել, որ տրանսպորտի սակագինը կթանկանա մայիսի 20-ից հետո։ «Ոչ, ոչ, ոչ, նման բան չի կարող լինել»,- «Ա1+»-ի հետ զրույցում այս լուրերը հերքեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և հավելեց. «Ներկայումս մենք քննարկում ենք տրանսպորտի բարելավմանը և ուղևորափոխադրման քանակին առնչվող հարցերը, սակայն սակագնային քննարկում չի եղել, ու այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»։ Տիկին Նահապետյանը նաև հավելեց, որ քաղաքապետարանն այս ընթացքում մրցույթներ է իրականացնում, սակայն՝ ապարդյուն. «Արդեն մի քանի ամիս է՝ չեն կայանում մրցույթները, որոնց ներգրավված են մոտ 20 գծեր»,- տեղեկացրեց ավագանու անդամը։ Տրանսպորտի սակագնի քննարկման հանձնաժողովի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նույնպես հերքեց սակագնի բարձրացման մասին լուրերը. «Դժվար նման բան լինի։ Առանց հանձնաժողովի հաջորդ նիստի, տրանսպորտը չի թանկանա։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կլինի հանձնաժողովի նիստը, սակայն դրան էլ հաջորդելու են հանրային լսումները, այնպես որ, դեռ վաղ է այդ մասին խոսել»,- «Ա1+»-ին ասաց պարոն Պիպոյանը: