Եզդիները բողոքում են ՄԱԿ գրասենյակի մոտ (տեսանյութ)
Հայաստանաբնակ եզդիներն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էին: Պահանջն Իրաքում գտնվող եզդիների պաշտպանությունն էր: Սիրիայի սահմանակից իրաքյան Ռաբին քաղաքում օրեր առաջ գնդակահարվել է 7 եզդի և տեղահանվել 4000-ից ավելի մարդ:
Եզդիների կարծիքով՝ արդեն ժամանակն է բարձրաձայնել Իրաքում եզդիների մասսայական սպանությունների մասին, ինչը նոր երևույթ չէ: Նրանք նամակ հանձնեցին Միավորված ազգերի կազմակերպությանը. «Ակնկալում ենք միջազգային հանրության անտարբերության թոթափում, որովհետև կա անտարբերություն, եզդիներին սպանելու դեպքում այնտեղ ոչ ոք պատիժ չի կրում».- ասաց «Սինջար եզդիների ազգային միավորման» ՀԿ ղեկավար Բորիս Մուրազին:
Սակայն Մուրազիի կարծիքով՝ խնդիրը միայն միայն միջազգային հանրության մեջ չէ, նրա խոսքով՝ պետք է կազմակերպվի և համախմբվի նաև եզդի ժողովուրդը. «Միայն Երևանում ապրում է 1000-ից ավելի եզդի, սակայն այսօր քչերն են եկել բողոքի, երբ այս վերաբերմունքը փոխվի, ՄԱԿ-ն ավելի շուտ կարձագանքի»:
Նա նաև հավելեց, որ Իրաքում թույլ չեն տվել եզդիներին պաշտպանական ջոկատ հավաքել՝ ասելով, որ անօրինական է: Բորիս Մուրազին ընդգծեց. «Ստացվում է, որ եզդիներին սպանելն օրինական է, իսկ մեր պաշտպանվելը` անօրինական»:
