Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կտիրի՞ անարխիա առանց աուդիտորական եզրակացության (տեսանյութ)

Տնտեսություն
bf980c74f7fc25b2c09ef6ba188a59c0

«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները այսօր բուռն քննարկման տեղիք տվեցին ԱԺ-ում: ՀՅԴ-ն միանշանակ դեմ էր նախագծին, իսկ ԲՀԿ-ն այլ ուղղությամբ տարավ հարցի քննարկումը: Կտիրի՞ անարխիա, եթե խոշոր կազմակերպություններն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակեն առանց աուդիտորական եզրակացության: Այսօր ԱԺ ամբիոնից ահազանգեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում նախատեսված այս նոր փոփոխությունը մտահոգել է նրան. «Աուդիտի վերացումը ձեռնտու կլինի նրանց, ովքեր թաքցնելու բան ունեն եւ շահագրգիռ են, որ հաշվառում ու աուդիտ չլինի: Այդպիսին կարող են լինել թե ստվերային գործունեություն ծավալողները, ինչպես նաեւ` չարամիտ այն հարկային աշխատողները, որոնք օգտվելով հաշվառման բացակայությունից` ավելի են ոգեւորվում ու կաշառքի ծավալը մեծացնում»: ԱԺ մեծամասնությունը պարոն Մինասյանի ելույթը որակեց որպես աուդիտը պարտադիր դարձնելու ցանկություն: Պարոն Մինասյանը կոչ արեց իրեն սխալ չընկալել։ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն անիմաստ է համարում աուդիտը պարտադրելը. «Եթե ինձ՝ տնտեսվարողիս համար այդ անհրաժեշտությունը չկա, ու ես հանրային նշանակության որոշակի բան չեմ անում, դրա համար ես պարտադիր պետք է գումար վճարեմ ինչ-որ մեկին, ինչ է` մեկի հորեղբոր տղեն լիցենզիա է ստացել ու պատասխանատվություն էլ չի կրում»: Վարդան Այվազյանի տեսակետը պաշտպանեց ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը. «Մենք առաջարկում ենք հանել ֆինանսական բեռը բիզնեսի համար»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը համամիտ էր Արծվիկ Մինասյանի բերած փաստարկների հետ` աուդիտի չկիրառումն անդառնալի հետեւանքներ կունենա տնտեսության վրա. «Մենք ժամանակավոր կթեթեւացնենք ամեն ինչ խոշորի համար, նորից կբարդանա վիճակը մանրի համար»: ԲՀԿ-ն կողմ է օրենքի նոր փոփոխություններին: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` պարտադիր աուդիտն իրեն այս տարիների ընթացքում չարդարացրեց. «Վերցնել մի թուղթ, հետո ասել, որ ես իմ գրած թղթի համար որեւէ պատասխանատվություն չեմ կրում, սա աբսուրդ է»: Այս մասին իր տեսակետն է հայտնել նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Իհարկե, բազմաթիվ են դեպքերը, երբ գործարարը աուդիտորական ուսումնասիրության արդյունքում իր գործի համար կազմակերպչական, հաշվապահական, հաշվառման և այլ բնույթի օգտակար շատ խորհուրդներ է ստացել: Բայց, միանշանակ է, որ ծառայության պարտադիր լինելը չի նպաստում այն հանգամանքին , որ այն իրականում բարձրորակ լինի, որ աուդիտորական ձեռնարկությունները ձգտեն իրենց ծառայության որակը բարելավելու ճանապարհով մեծացնել իրենց կլիենտուրայի քանակը և շրջանառության ծավալները, և ոչ թե ապահով ստանան իրենց պատվերի ծավալը՝ առանց մտածելու ծառայությունների որակը բարձրացնելու մասին»: