«Իրենց համար սարքում են, մեզ համար՝ քանդում» (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչներն իրենց անտեսված են զգում։ Նրանք դժգոհում են, որ իրենցով չեն հետաքրքրվում ոչ տեղական իշխանությունները և ոչ էլ կառավարությունը։ Բնակիչները նույնիսկ դժվարանում են մտաբերել, թե վերջին անգամ երբ է որևէ պաշտոնյա ոտք դրել սահմանամերձ Ճամբարակ. «Ծանր սահմանամերձ գոտի ա, մի հատ օգնություն չկա ժողովրդին, էս ռայոնին ոչ մի ուշադրություն չի դարձվում», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ճամբարակ քաղաքի բնակիչ Վարուժան Ղազանչյանը։ Բնակիչների ներկայացմամբ` Ճամբարակում խնդիրների շարքը սկսվում և չի ավարտվում: Քաղաքի բազմաթիվ խնդիրների շարքից, սակայն, Վարուժան Ղազանչյանը առանձնացնում է աշխատատեղերի բացակայությունը.«Եկամուտ չունենք՝ գործ չկա, որ անենք, էլ քաղաքում մարդ չի մնացել, սաղ գնացել են»,- ասում է նա: Ղազանչյանի խոսքով` Ճամբարակի բնակիչներից ամենավատն իր վիճակն է: Նա կնոջ և հինգ անչափահաս երեխանների հետ ապրում է բազմաբնակարան շենքում.«Ոչ հող ունեմ, ոչ անասուն կարամ պահեմ, մնում ա օրավարձով աշխատեմ, էն էլ աշխատանք չկա, որ անեմ», - ավելացնում է Ճամբարակ քաղաքի բնակիչը։ Քաղաքի հողագործությամբ զբաղվող բնակիչները նույնպես բողոքում են իշխանությունների անտարբեր վերաբերմունքից.«Ոչ ցորենի ցանքի համար են օգնում, ոչ կարտոֆիլի սերմերով, ոչ մի բանով», - ասում են նրանք։ 76- ամյա մի ծերունուց հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ապրում։ Պատասխանը կարճ եղավ. «Ապրում ենք՝ օրվա հացին երանի տալով»։ Ճամբարակցիներով հետաքրքրվող չկա՝ համաքաղաքացու միտքը շարունակում է նա և հավելում.«Ով ա ում ճանաչում, ամեն մարդ իրանա մենակ ճանաչում»։ «Հա, հա, մի բան էլ գրեք, - շտապում է մեզ տեղեկացնել թոշակառու քաղաքացին.Ճամբարակը գնալով քանդվում ա՝ իրանց համար սարքում են, մեզ համար՝ քանդում, որդի ջան»։