Մահացու հրադադար (տեսանյութ)
Ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտությունն սկսվեց 1990-ի հունվարից, երբ Աղդամում ապրող ադրբեջանցիները հարձակում գործեցին Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ: Հայաստանն այդ ժամանակ անկախ էլ չէր: Առաջին կրակոցներից առաջ երկու կողմում սկսվեց փախստականների հոսք: Անմիջապես հետո թափ առած պատերազմն ընդգրկեց ամբողջ Ղարաբաղը, նաեւ Հայաստանի սահմանները: Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող հայկական Ղարաբաղն Ադրբեջանից պահանջում էր հանգիստ թողնել իրեն, վերջինս համաձայն չէր: Պատերազմի առաջին իսկ օրերին Հայաստանում սրվեց էլեկտրաէներգիայի ճգնաժամը, մարդիկ գոյատեւում էին նոր պայմաններում: Մեծամորի ատոմակայանը կանգնած էր, Վրաստանի տարածքով Հայաստան եւ Ադրբեջան մտնող գազամուղի հայկական հատվածը պայթեցվում էր ամեն ամիս: Հայ-ադրբեջանական սահմանին երկու թշնամի ազգերի զինվորականները համատեղ են հսկում գազամուղը, մինչդեռ Ղարաբաղում նրանք այդ պահին սպանում են միմյանց: Հայաստանի հյուսիսում գազամուղը հսկող հայ եւ ադրբեջանցի զինվորներն ապրում են մեկ ընդհանուր կտուրի տակ: Նույն ժամանակ ադրբեջանական օդուժը ռմբակոծում է նաեւ հայկական քաղաքները: Կապանում 1992-ի օգոստոսին ադրբեջանական երեք ռմբակոծիչ գնդիկավոր ռումբեր նետեց քաղաքի կենտրոնի վրա, արդյունքում` 9 զոհ: Փոքրիկ Մերին զրկվեց ձեռքերից ու ոտքերից: Ինչպես ընթացքում էր պարզվում, ադրբեջանական օդուժում շատ են ռուս եւ ուկրաինացի վարձկանները: Հայկական մի քանի բնակավայր ռմբակոծած Յուրի Բիլիչենկոյի ռմբակոծիչը հայերը խփել էին հենց Հայաստանի Ղարաբաղի երկնքում: Ռուս օդաչուն կենդանի մնաց, բայց դատապարտվեց գնդակահարության։ «Եթե իմ մեղքով մահացել է խաղաղ բնակիչ, ես ինձ համարում եմ մարդասպան»,- ասում է Ուկրաինացի ռազմագերի Յուրի Բիլիչենկոն: Պատերազմը չէր խնայում նաեւ դիվանագետներին: Մինսկի խմբի համանախագահող երկրի` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը Ճամբարակ էր այցելել տեղեկանալու սահմանի բերանին գտնվող ռուսական ընտանիքների վիճակից: Ընկավ ադրբեջանական կրակահերթի տակ։ Մինչեւ 1993-ի սկիզբը ճակատում հայերի եւ ադրբեջանցիների հաջողությունները փոփոխական էին: 93-ի ապրիլից հայկական զինուժը սկսեց արձանագրել միայն հաջողություններ, նախ գրավեցին Հայաստանի հյուսիս-արևելքին սպառնացող Քելբաջարը։ «Մեզ երբեք չի հետաքրքրել Քելբաջարը եւ Լաչինը որպես վարչական միավոր, որպես տերիտորիա, մեզ Քելբաջարը միշտ հետաքրքրել է, որտեղ կենտրոնացված են հակառակորդի ուժերը եւ մենք պետք է ոչնչացնեինք նրանց»,- ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Սերժ Սարգսյանը: Ադրբեջանցի զինվորները Քելբաջարից փախել էին՝ թողնելով ամբողջ զենք- զինամթերքը։ Քելբաջար մտած հայկական զինվորներին սպասում էր նաեւ ադրբեջանցի թեւաթափ խաղաղ բնակչությանը, հիմնականում կանայք եւ երեխաներ: Թշնամին խուճապի մեջ անօգնական էր թողել նաեւ` վերջին շնչում գտնվող իր զինվորներին: Վիրավորներին` նույնպես։ Պատերազմի վերջին տարում հայկական ուժերը գրավեցին ադրբեջանական եւս 4 շրջան: Այս պատերազմին Լեռնային Ղարաբաղը մասնակցեց գրեթե ամբողջ բնակչությամբ: Երեխաները հենց ճակատային գծում զինվորներին օգնում էին կառուցել բլինդաժներ։ 20 տարի առաջ մայիսի 12-ին Բիշքեկյան արձանագրությամբ Հայաստանի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ կնքվեց զինադադար: Հայկական կողմը ոգեւորված էր ձեռք բերածով, բայց` հոգնած։ Խաղաղությունը սակայն փխրուն էր: Սահմանի երկու կողմում գործի անցան դիպուկահարները։ Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղը ունեցավ 22 հազար զոհ: Այդ երկիրը պատերազմին տվեց՝ ինչ կարող էր եւ այլեւս չէր ուզում կռվել։ «Մենք բոլոր դեպքերում մտադիր չենք վերսկսենք ռազմական գործողություններ»,- հայտարարեց ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ադրբեջանցիները հրադադարի առաջին ամիսներից պահանջեցին, որպեսզի Ղարաբաղը չմասնակցի իր կարգավիճակի շուրջ հետագա բանակցություններին. «Մեզանից պահանջում են հողեր, բայց մեզ հակամարտության կողմ ոչ ոք չի ճանաչում»: Մինչեւ 1998 թվականը Ղարաբաղը հակամարտության կողմ էր: Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում իշխանությունը վերցնելուց հետո Ղարաբաղը դադարեց լինել բանակցային կողմ: Այսօր դեռեւս պատերազմի ժամանակ ձեւավորված Մինսկի խումբը հայտարարություն է ընդունել հրադադարի 20-ամյակի առիթով: Այնտեղ գրված է. «Կարգավորումն անհնար է առանց հայ եւ ազերի ժողովուրդների միջեւ վստահության եւ փոխըմբռնման»: