Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներն ինքնաբուխ ցույց-հավաքներ կանցկացնեն

Կարևոր լուրեր Հասարակություն
նաիրիտ

«Կամք» քաղաքացիական նախաձեռնությունը փորձել է կապ հաստատել Էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանի հետ, սակայն նախարարությունից դեռ պատասխան չի ստացել։ Նրանք ցանկանում են «Նաիրիտ»-ի հարցով երկխոսել նորանշանակ նախարարի հետ։ «Ես միշտ կողմ եմ, որպեսզի խնդիրը կարգավորվի ողջամտության և երկխոսության ճանապարհով, բայց եթե իրենք չեն ցանկանում այդ ճանապարհով խնդիրը կարգավորել, ապա, ինչպես ասում են, մեղքը իրենց վիզը»,- «Ա1+»-ին ասաց «Կամք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Արտաշես Ավետիսյանը։ Նաիրիտցիները առաջարկում են աշխատակիցներից խումբ ձեւավորել, գնալ - քննարկել ներկայիս իրավիճակը և ներկայացնել իրենց պահանջները: «Պահանջներն են` ապահովել աշխատակիցներին աշխատանքով, վճարել կուտակված աշխատավարձերը և ներկայացնել աշխատակիցներին աշխատավարձերի վճարման ժամանակացույց՝ սահմանված գրաֆիկով»,- ասաց Արտաշես Ավետիսյանը։ Անդրադառնալով նոր ձեւավորված կառավարությանը՝ «Կամք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրն այն համեմատեց շախմատային խոսքով ասած рокировка-ի հետ. «Որպեսզի թագավոր կոչեցյալը իրեն պաշտպանի, ինչ ստացվեց՝ նախորդ նախարարներին փոխարինեցին ավելի հարուստ նախարարներ: Այսինքն` դրանից կարելի է եզրակացնել, որ այդ պաշտոնները վաճառվեցին շատ լավ գներով, բայց ոչ թե ի օգուտ ժողովրդի, այլ իրենց գրպանների կարողությունները ավելացնելու համար: Կարճ ասած` ուզում էինք, որ լավ լիներ, բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ»,- ասաց նա: Նրանք պատրաստվում են ինքնաբուխ ցույց-հավաքներ անցկացնել, մինչև խնդրի վերջնական հաստատումը։ Հիշեցնենք, որ «Նաիրիտը» իր աշխատակիցներին 14-15 ամսվա աշխատավարձ է պարտք։ Նրանք աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։ Քիմիական երբեմնի հզոր գործարանը 2010 թ.-ից արտադրանք չի տալիս։ Մոտ 2500 աշխատողներից միայն 500-ն է աշխատանքի գնում, իսկ 2000-ը գտնվում են հարկադիր պարապուրդում։