Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկի նոր գործադիր տնօրենի ընտրությունը կարող է հարցեր առաջացնել

Տնտեսություն
ydydd7yq

«ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի մահից հետո բանկի խորհուրդը նոր գործադիր տնօրեն է նշանակել պարոն Գիշյանի տեղակալին` Վարկային տնօրեն Հակոբ Անդրեասյանին: «Ա1+»-ի տեղեկություններով, գործադիր տնօրենի նշանակումը սակայն չի համապատասխանել բանկի ներքին կանոնադրությանը, ըստ որի, Ընդհանուր ժողովի գումարման մասին բաժնետերերը եւ խորհրդի անդամները պետք է իրազեկվեին 15 օր առաջ: Ընդհանուր ժողովը գումարվել է ըստ կանոնակարգի, սակայն խորհրդի նիստի անցկացումը վիճահարույց է: Բանն այն է, որ խորհրդի անդամները տեղյակ չեն եղել խորհրդի նիստի անցկացման մասին, նրանք, ըստ բանկի կանոնադրության 8.15 հոդվածի, պետք է ծանուցվեին ֆաքսի, էլ.-փոստով ուղարկված նամակի, պատվիրված նամակի ուղարկման կամ առձեռն հանձնելու միջոցով: «Խորհրդի նիստի մասին նախապես տեղեկացվա՞ծ են եղել խորհրդի անդամները»,-հետաքրքրվեցինք «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մամուլի քարտուղարից: «Իհարկե, ոչ թե նախապես… Բոլոր ընթացակարգերը պահպանվել են»,-ասաց մամուլի քարտուղարը: Խորհրդի անդամների պատասխանները հակասական են: Խորհրդի նախագահ Մարատ Հարությունյանն ասում է, որ խորհրդի նիստի հրավիրման բոլոր ընթացակարգերը պահպանվել են: «Արտահերթ չի եղել»,-ասում է պարոն Հարությունյանը՝ նկատի ունենալով, որ նիստի գումարումը հընթացս չի եղել, այլ նախապես է պլանավորվել: Մինչդեռ խորհրդի անդամ Մանասեր Հարությունյանը տեղեկացնում է, որ Հակոբ Անդրեասյանն ընտրվել է արտահերթ նիստի արդյունքում: «էդ նիստում էլ մենք առաջադրել ենք գրանցվածների կողմից թեկնածու»,-մանրամասնում է Մանասեր Հարությունյանը: Ճշտող հարցին, թե արտահերթ նիստու՞մ է ընտրվել Հակոբ Անդրեասյանը, պարոն Հարությունյանն ասաց` հա: Խորհրդի մեկ այլ անդամ` Հենրիկ Քոչինյանը մանրամասնում է՝ ընդհանուր ժողովը գումարվել է՝ ելնելով այն փաստից, որ Հայաստանում են բանկի երկու ֆրանսիացի բաժնետերերը. «էդ օրը ընդհանուր ժողովից հետո խորհրդի նախագահն առաջարկեց գործադիր տնօրեն ընտրել (խորհրդի նիստում-Մ.Ա.)»: Սա հենց այն է, ինչի մասին տեղեկացված չեն եղել խորհրդի անդամները: Առաջիկայում սպասվում է, որ Կենտրոնական բանկը պետք է հաստատի Հակոբ Անդրեասյանի նշանակումը: Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության, «Ակբա կրեդիտը» նշանակման փաստաթղթերը պետք է ներկայացնի ԿԲ մասնագիտական քննությանը, որից հետո ԿԲ-ն որոշում է գրանցել գլխավոր գործադիր տնօրենին իր պաշտոնում: