Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատյան դաշտի բնակիչներին Սեւանա լճի ջուրը չի հասնում. Էկոլուր

Հասարակություն
sevan

Արարատյան դաշտի բնակիչներին Սեւանա լճի ջուրը չի հասնում։ Սա պարզ դարձավ ԷկոԼուրի՝ ՀՀ Արարատի մարզի Ռանչպար, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Դալար եւ ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ, Տանձուտ, Արտաշար համայնքների եւ Արմավիր քաղաքի բնակիչների շրջանում անցկացրած սոցհարցումների ընթացքում։ Արարատի եւ Արմավիրի մարզերի վերոնշյալ համայնքների 44 բնակչից 17-ը նշել է, որ Սեւանի ջուրն իրենց չի հասնում: 12-ն էլ ասել է, որ օգտագործում են արտեզյան հորերը: 32 հարցվածներ չգիտեն, թե Սեւանի ջուրն ում է բաժին հասնում, գյուղացուն, թե ձկնաբուծարաններին։ Հիշեցնենք, որ Արարատյան դաշտի համայնքների ոռոգումն ապահովելու պատճառաբանությամբ այս տարի Սեւանա լճից առավելագույն 170 միլիոն խմ-ի փոխարեն վերցվելու է մինչեւ 240 միլիոն խմ ջուր։ Արարատյան դաշտում ջրի խնդիրը սրվեց ստորգետնյա ջրային պաշարների անխնա շահագործման արդյունքում։ Հարցվածներից 19 հոգի այս հարցում մեղադրում է ձկնաբուծական տնտեսություններին։ Իրավիճակի շտկմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության քայլերը՝ մասնավորապես արտեզյան հորերի կոնսերվացումը, բնակիչներն անօգուտ են համարում։ 16 հարցվածների կարծիքով ապօրինի հորերի կոնսերվացումն իրենց ոչինչ չտվեց։ 20-ի խոսքերով՝ ոռոգման ջուրն իրենց չի բավականացնում։ 30 հոգի կարծում է, որ Արարատյան դաշտը կանգնած է վտանգի առաջ։ ԷկոԼուր