Օրենքի փոփոխությունները ՓՄՁ-ի մահն են (տեսանյութ)
«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները ՓՄՁ-ի մահն են: Սա «Վաճառականների միության» նախագահ Ցոլվարդ Գեւորգյանի համոզմունքն է. «Դա կոռուպցիայի պարարտանյութ է: Այստեղ վարչարարությունը հասնում է իր 100 տոկոսանոց գագաթնակետին»: Օրենքի նոր փոփոխություններով՝ նախատեսվում է, որ առեւտրական գործունեությամբ զբաղվողները պետք է պարտադիր ունենան ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը, ինչպես նաեւ` շրջանառության հարկը 3.5 տոկոսից դառնում է 1 տոկոս. «Ասում է ես կգամ, կմտնեմ, կնայեմ ապրանքներդ, ցանկացած ապրանքիդ համար փաստաթուղթ կուզեմ, եթե դու փաստաթուղթ չունես, դու գնում ես ԱԱՀ-ի տակ: Այսինքն՝ ասում են` փակվի ու գնա»: Նախագծով ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամից պետք է իջեցվի 30 մլն դրամի: Տիկին Գեւորգյանի վստահեցմամբ` սա առաջին հերթին լուրջ հարված կլինի գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ներին: Նրա ղեկավարած կազմակերպությունն այսօր հանդիպել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ, իսկ առաջիկայում խոստացել են հանդիպում նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նախարարին Ցոլվարդ Գեւորգյանն առաջարկել է անցնել պարզեցված հարկի, որի առկայության դեպքում ՓՄՁ-ն կսկի շնչել: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանին զարմացնում է գործարարների դժգոհությունը օրենքի նոր փոփոխություններից` խնդիրները թե հին, թե նոր տոկոսադրույքների պարագայում նույնն են մնում։ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վստահեցնում է` Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունները դեռ քննարկվում են, ու մինչեւ ամսվա վերջ խորհրդարանը կընդունի: Միաժամանակ պարոն Այվազյանը նկատում է` «Շրջանառության հարկ»-ից օգտվում է 58 հազար տնտեսվարող, որից մինչեւ 10 մլն դրամ շրջանառություն ունեցողները մոտ 47 հազարն են: ԱԺ-ն առաջարկում է այս խմբին արտոնություն տալ եւ ազատել շրջանառության հարկից։ Ավելին՝ տեսանյութում