«Բանանցը» դարձավ միանձնյա առաջատար
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Երեւանի «Բանանցը»: Այսօր կայացած 24-րդ տուրում Ժոլտ Հորնյակի սաները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին երկրի չեմպիոն Գյումրիի «Շիրակին» եւ վաստակեցին 47 միավոր: «Բանանցի» հետ հավասար ընթացող Երեւանի «Արարատը» իր հարկի տակ պարտվեց առաջնության ետնապահ «Ուլիսին»` 1:2, եւ 44 միավորով մնաց երկրորդ հորիզոնականում: Մրցանակային տեղերի համար պայքարող Երեւանի «Միկան» Կապանում 2:1 հաշվով հաղթեց տեղի «Գանձասարին» եւ ընդհուպ մոտեցավ «Արարատին»: Մրցաշարի մյուս ետնապահ Երեւանի «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում պարզապես ջախջախեց «Փյունիկին»` 5:1: 25-րդ տուրի հանդիպումները տեղի կունենա մայիսի 10-ին եւ 11-ին: «Բանանցը» կխաղա «Փյունիկի» հետ, «Արարատը» կմեկնի հյուր Կապանի «Գանձասարին», իսկ «Միկան» կընդունի «Ալաշկերտին»: