Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանի Չեխանովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային վերջին օրը գերազանց հանդես եկավ Հայաստանի միակ մասնակից Սիմոն Մարտիրոսյանը: Ծանրքաշայինների (+96 կգ) մրցումներում մեր 17-ամյա մարզիկը դեռեւս պոկում վարժությունում ցույց տվեց 182 կգ ֆանտաստիկ արդյունք եւ 27 կգ-ով առաջ անցավ երկորդ տեղը գրաված սերբ Թամաշ Կալդոչիից: Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը առաջին մոտեցումը կատարեց այն ժամանկ, երբ բոլորն արդեն ավարտել էին ելույթները: Մեր մարզիկն առաջին փորձից իրեն ենթարկեց 195 կգ ծանրաձողը եւ վստահ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Այնուհետեւ նա բարձրացրեց 215 կգ ծանրաձողը: Այդպիսով, Սիմոն Մարտիրոսյանը 56 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Յուրի Ախմեթջանովին: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 3-րդ տեղը (2-1-3)` ետ մնալով Ռուսաստանից (4-1-0) եւ Ռումինիայից (3-2-2):