Գյուղի երեխաներն իրենց խաբված են զգում (տեսանյութ)
Արարատի մարզի Դարբնիկ համայնքի երեխաներն իրենց խաբված են զգում։ Այս մասին ահազանգում են հենց իրենք՝ փոքրիկները։ Գյուղի երեխաներից ամենահամարձակը 5-ամյա Յուրան է, որ առանց կաշկանդվելու «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզի ղեկավարությունը երեխաներին հուսախաբ է արել. «Մանկապարտեզում մեզ խաբեցին, ասեցին ձմեռը թող անցնի, ամառը գա՝ կբացենք, բայց ամառը եկել ա՝ չեն բացում», - դժգոհում է դարբնիկցի փոքրիկը։ Ընկերոջ՝ Յուրայի բողոքի ձայնին միանում է նաև 4-ամյա Արաքսյան։ Սիրիահայ աղջնակը սրտատրոփ սպասում է, թե երբ կրկին ոտքը մանկապարտեզ կդնի։ Չի դժգոհում՝ առավոտից մինչև երեկո ընկերների հետ օրն անցկացնում է գյուղում երեխաների համար կառուցված մանկական խաղահրապարակում, բայց ասում է՝ մանկապարտեզն ուրիշ է. «Ընկերներիս հետ ուրախանում էինք, հաց էինք ուտում, խաղում, նորից ենք հաց ուտում, քնում, ոտանավորներ սովորում», - պատմում է Արաքսյան։ Նա նույնիսկ մայրիկին մանկապարտեզի բացման խնդրանքով համայնքի ղեկավարի մոտ է ուղարկել. «Մամաս, ուրիշ օրիորդներ գնացել են մեր համար գյուղապետարանին ասեն, որ մանկապարտեզ գնանք», - ասաց սիրիահայ Արաքսյան։ Ծնողների տեղեկացմամբ՝ ֆինանսական խնդիրների պատճառով ձմեռվանից համայնքի մանկապարտեզն իր դռները չի բացել մանուկների առջև։ Նրանց խոսքով՝ երեխաները ձմռանը մանկապարտեզ չեն գնացել ջեռուցում չլինելու պատճառով, հիմա էլ բնականոն աշխատանքի համար ֆինանսներ չկա։ Խնդիրը բարձրացրել են համայնքապետարանում, իսկ արձագանքին դեռ սպասում են։