Ոսկին ավելի հեշտությամբ կկորզեն
Արարատի ոսկու գործարանում այսօր բացվեց «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամաս: Այն իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում: «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան, մասնագետների հավաստմամբ, հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնել մետաղի կորզումը սուլֆիդային դժվար կորզելի հանքաքարից, որով հարուստ է Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սոթքի հանքավայրի հանքաքարը: «Տարի առ տարի մենք հնարավորություն կունենանք 3 անգամ ավելացնելու ոսկու արտադրությունը` կես տոննայից հասցնելով 5 տոննայի: Տեխնոլոգիան ամենաժամանակակիցն է»,- հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարյոնկինը։ Նա վստահեցրեց, որ նոր արտադրամասը կչեզոքացնի էկոլոգիական վնասները։ Այսօր արտադրամասի բացմանը մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և այլ պաշտոնյաներ: Ներկա էր նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը: «Ես կարծում եմ այն արտադրամասը, որտեղ մենք գտնվում ենք ամենալավն է ցուցադրում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան` առևտրատնտեսական ոլորտում»,- ասաց նա։ Նա նաև նշեց, որ այս արտադրամասի գործարկումը` Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման արդյունքն է նաև: Պարոն Սոկոլովը նաև հիացմունք հայտնեց. «Մենք հիացած են Մաքսային միությանը միանալու Հայաստանի ջանքերով, հայերը այնքան արագ, պրոֆեսիոնալ և արդյունավետ են աշխատում այդ ուղղությամբ, որ մենք հիացած ենք»: Եթե արտադրամասի տնօրինությունը հետաքրքրված է հնարավորինս շատ ոսկի կորզելով, ապա Արարատի մարզում ապրող քաղաքացիները մտածում են նոր աշխատատեղերի մասին։ Տնօրինությունը հավաստիացնում է, որ արտադրամասը 130 աշխատատեղերի բացման հնարավորություն կտա. «Մեր քաղաքի 50 տոկոսը այստեղ է աշխատում»,- ասաց Արարատ քաղաքի Զոդ թաղամասի բնակիչ, ընկերության աշխատակից Ալբերտ Սարգսյանը։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունում ներկայումս աշխատում է 976 մարդ, որոնցից 626-ը` Սոթքի հանքավայրում, 350-ը` Արարատի ոսկու կորզման գործարանում: Գործարանի արդիականացման արդյունքում բացվել է 130 լրացուցիչ աշխատատեղ: Արտադրական հատվածի միջին աշխատավարձը կազմում է 209 հազար դրամ: