Սերժ Սարգսյանը՝ Թվիթերում
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած «Թումոյի» խորհրդի անդամ, Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին:
Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է՝ Սերժ Սարգսյանն այդ ոլորտում մեր հայրենակիցների հաջողություններն ուրախալի և երիտասարդ սերնդի համար ուղենշային է համարել: Նա կարևորել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումն ու խորհրդատվությունը:
Րաֆֆի Գրիգորյանը ներկայացրել է իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, այդ թվում՝ ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Նրա խոսքով, դրանք մեծ հույսեր են ներշնչում, քանի որ ոլորտի զարգացման հետ կապված ոգևորիչ օրինակներ կան, որոնք հեռանկարային են դարձնում ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում:
Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը։
Ի դեպ, Րաֆֆի Գրիգորյանը Թվիթերի իր էջում արդեն Սերժ Սարգսյանի հետ լուսանկարներ է տեղադրել։
