Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետական կուսակցությունը դատարանին վախեցնո՞ւմ է» (տեսանյութ)

Հասարակություն
n1

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք էին տալիս 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած դեպքի մասնակից ոստիկանները: Պե՞տք է արդյոք ոստիկանը բերման ենթարկի փողոցը փակած Հանրապետական կուսակցության անդամներին, եթե նրանք հավաք են իրականացնում: Այսօր Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործի հերթական դատաքննության ընթացքում ոստիկանին ուղղված այս հարցի պատասխանը Կիվիրյանի փաստաբաններն այդպես էլ չիմացան: Դատավորը հանեց հարցը. «Ինչի՞ համար հարգելի դատարան, Հանրապետական կուսակցությունը դատարանին վախեցնո՞ւմ է»,- առարկեց Արգիշտի Կիվիրյանի իրավունքների պաշտպան Լուսինե Սահակյանը, ինչին ի պատասխան դատավորը նշեց, որ հարցը պետք է կոնկրետ դեպքին վերաբերի: Ցուցմունք տվող ոստիկանները պնդեցին, որ պարոն Կիվիրյանը եղել է ակցիայի կազմակերպիչը, ուստի որոշել են բերման ենթարկել նրան: Արգիշտի Կիվիրյանը հրաժարվեց մեկնաբանել ոստիկանների պնդումները` ելնելով պաշտպանական ռազմավարությունից: Փոխարենը նա նշեց, որ ոստիկանները իրականությունը խեղաթյուրում են. «Նրանք իրենց դասը վատ են սովորել»: Արգիշտի Կիվիրյանի իրավունքների պաշտպան Լուսինե Սահակյանը պնդեց, որ Կոմիտաս 5-ում ոստիկաններին հրահանգում ընդհանրապես չի իրականացվել. «Ոստիկանները ինչ գործողություն ասես կատարել են` միջամտելով անձանց հավաքների իրականացման ազատությանը»,- նշեց նա: Օգոստոսի 24-ին ոստիկանները ընդամենը մեկ գործողություն պետք է իրականացնեին, նրանք պետք է փակեին փողոցը` թույլ տալով ավտոմեքենաներին շրջանցել, որպեսզի ակցիայի մասնակիցներն ազատորեն իրականացնեն հավաքը: Համոզված է փաստաբանը. «Փողոց փակելը Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներում նշվում է, որ հավաքի ազատության իրավունքի շրջանակներում է, և եթե դա չի խախտում այլոց իրավունքները, ապա պետությունը միջամտելու իրավունք չունի»,- ասաց տիկին Սահակյանը: Դատական նիստը կշարունակվի ապրիլի 28-ին։